Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվի եւ պետության ճակատագիրը

Մարտ 01,2012 12:27

Հայաստանի անկախության առաջին տարիներին շատ բան արվեց՝ մայրենի լեզուն վտանգներից ապահովագրելու համար: Փակվեցին օտարալեզու դպրոցներն ու ֆակուլտետները: Հայերենը լիարժեքորեն դարձավ պետական լեզու: Սակայն վերջին տարիներին նահանջ ենք արձանագրում: Ինչո՞ւ: Որովհետեւ մենք՝ հայերս, մեր լեզուն այլեւս հեռանկարային չենք համարում: Որովհետեւ մեր երկրում մեր զավակների համար հեռանկար չենք տեսնում: Իսկ հեռանկար չենք տեսնում, որովհետեւ մի խումբ մարդիկ այն ոչնչացնում են: Մարդիկ, ում հարստությունն ու իշխանությունը «պահպանվեցին» 2008 թվականի մարտի մեկի գնով։

Երբ վտանգված Է ագգային պետությունը, երբ այդ պետության քաղաքացիները լքում են հայրենիքն այլեւս չվերադառնալու միտումով, երբ պետության իշխանությունն ամեն ինչ անում է օտարին քծնելու համար, լեզուն չի կարող պաշտպանված լինել։ Այո՛, վրդովվում ենք, որ աղճատվում է հայոց լեզուն, որ մեր երիտասարդների բառապաշարն աղքատիկ է, որ համացանցը «պարտադրում Է» օտարալեզու շփում։

Բայց սրանք փոքրիկ եւ լուծելի խնդիրներ են։ Անլուծելի է թվում միայն մեկը՝ հայերենի անհեռանկարությունը։ Օտար լեզու իմանալու բուռն ձգտումը բնավ դատապարտելի չէ։ Ժամանակակից աշխարհում դժվար է սահմանափակվել մեկ լեզվի շրջանակում։ Մտահոգիչ է վերաբերմունքը մայրենի լեզվի նկատմամբ, ինչին նպաստում է Հայաստանի իշխանությունը։ Հենց իշխանության ջանքերով է հայոց լեզուն վերածվում երկրորդականի։ Ուշադիր լինելու դեպքում կտեսնեք, որ այսօր «մոդայիկ» է անգլերենը, որովհետեւ մեր հայրենակիցների մեծ մասը ձգտում է դեպի այն երկրները, ուր հեռանկար կա։ Կարող եք բազում պատճառաբանություններ բերել։ Կարող եք ասել, որ անգլերենը դարձել է մի տեսակ համաշխարհային լեզու, գիտության, տեխնիկական առաջընթացի լեզու։ Ճիշտ է, բայց հիմնավոր պատճառ չէ, մայրենին արհամարհելու համար։

Կրկնում ենք՝ մեր լեզվի խնդիրը նույնպես քաղաքական է։ Եթե կարողանանք մեր պետությունը հեռանկարային դարձնել, եթե կարողանանք կանգնեցնել հրեշավոր չափերի հասած արտագաղթը, եթե կարողանանք մեր երիտասարդներին Հայաստանում արժանապատիվ աշխատանք առաջարկել, կփրկենք մեր լեզուն։ Ուրեմն ինչքան էլ ընդվզենք օտարալեզու դպրոցների դեմ, ինչքան էլ վրդովվենք անգրագիտությունից, ոչնչի չենք հասնի: Մեր բոլոր ասածները դատարկ խոսակցություններ կմնան, սուտ սրտացավություն, հայոց լեզուն պահպանելու լալահառաչ փորձեր, եթե չհասկանանք, որ հայերենն արդեն քսան տարի է՝ պետական լեզու է, եւ պետության ճակատագիրը նրա ճակատագիրն է։

Զ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031