Չորս տարի առաջ այս օրը ուժով և արյամբ, սահմանադրական բոլոր նորմերի խախտմամբ և Զինված ուժերի օգտագործմամբ ճնշվեց նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ քաղաքացիական ընդվզումը:
Չորս տարի անց այդ արյունալի իրադարձության հետևանքները չեն վերացվել:
Եվ ոչ չորս տարի անց, ոչ էլ երբեւէ հնարավոր չի լինի վերականգնել այն տասը երիտասարդ կյանքերը, որ ընսհատվեցին Երեւանի կենտրոնում, ինչպես մարտադաշտում:
«Բանակն իրականում» նախաձեռնությունը արձանագրում է.
Կարդացեք նաև
1. Մարտիմեկյան իրադարձություններից մինչ օրս չեն բացահայտվել տասը սպանությունները, դրանց համար պատասխանատու անձինք, և ոչ ոք քրեական կամ այլ պատասխանատվություն չի կրել այդ սպանությունների համար: Չեն բացահայտվել և պատասխանատվության չեն կանչվել ցուցարարների վրա կրակելու հրաման տված բարձրաստիճան պաշտոնյաները: Պետությունը ոչ միայն Խախտել է քաղաքացիների կյանքի իրավունքը, այլև քայլեր չի ձեռնարկել զոհվածների ընտանիքներին և հասարակությանը բավարար պատասխան տալու համար կատարվածի մասին և վերացնելու անպատժելիության վերաբերմունքը ոստիկանական և զինված ուժերի կողմից:
2. Առ այսօր իրավական գնահատական չի տրվել 2008թ. մարտի 1-ին, Երևան քաղաքում քսանօրյա արտակարգ դրություն սահմանելու մասին Ռոբերտ Քոչարյանի արձակած հրամանագրին, որն ընդունվեց արտակարգ դրության մասին օրենքի բացակայության պայմաններում: Որևէ քննության չեն արժանացել արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների իրավունքների խախտման փաստերը և որևէ իրավական գնահատական չի տրվել այդ իրավունքների սահմանափակումներին:
3. Որևէ քննության չի արժանացել 2008թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի արձակած թիվ 0038 հրամանի օրինականությունը և իրավական գնահատական չի տրվել խաղաղ ցուցարարների նկատմամբ Զինված ուժերի օգտագործման փաստին:
Հասարակությունը մինչ այժմ չի ստացել վերոնշյալ հարցերի պատասխանը, որի հետևանքով ձևավորված անպատժելիության մթնոլորտը մնում է չհաղթահարված: Իրավական գնահատականների բացակայությունը չի կարող փոխարինվել իշխանությունների կողմից քաղաքական կամքի մասին բազմաթիվ հավաստիացումներով, քանի որ անպատժելիության մթնոլորտը հղի է հասարակության համար նորանոր վտանգներով: Ավելին հենց այսօր Ազգային Ժողովում քվեարկության է դրված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փորձ է արվում օրինականացնել արտակարգ դրության ժամանակ Զինված ուժերի անվերահսկելի կիրառումը` չունենալով 2008 թ. մարտի 1ի դեպքերի իրավական գնահատականները:
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն