Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1. չսովորած եւ սովորելիք դասեր

Մարտ 01,2012 12:05

Որո՞նք են մարտի 1-ի ողբերգության չսովորած կամ սովորելիք դասերը։
Դրանց շարքից փորձենք թվարկել առավել կարեւորները։
Առաջին՝ քաղաքական ծայրահեղականությունն ու ներքին ատելությունը հասարակությանը, քաղաքական ուժերին, իշխանություններին, բոլորի՛ն տանում են այնպիսի մի փակուղի, որտեղից բանական ու ընկալելի ելք ուղղակի չկա։
Հետեւաբար որքան էլ սուր ընտրապայքար ծավալվի, քաղաքական ուժերն ուղղակի պարտավոր են զերծ մնալ ծայրահեղություններից, մնալ քաղաքակիրթ պայքարի շրջանակներում։ Ի վերջո, ներքին քաղաքական որեւէ պայքար ու անգամ կուսգզվռտոց չարժե նույնիսկ մեկ քաղաքացու կյանք։
Երկրորդ. հեղափոխական, նույնիսկ պսեւդոհեղափոխական ու այդօրինակ գայթակղությունների տրվողները պետք է իրենց հաշիվ տան, թե ինչ աշխարհաքաղաքական միջավայրում եւ ինչ մարտահրավերների առջեւ են կանգնած Հայաստան-Հայքն ու հայությունը։ Երկու կողմից թշնամիներով շրջապատված ամրոցում ներքին խլրտումները կարող են հարցականի տակ դնել բուն ամրոցի գոյությունը, որից հետո անհեթեթ ու ավելորդ է դառնում հարցը՝ ով էր ճիշտ, ով սխալ։
Երրորդ. ոստիկանական, ուժային կառույցները պետք է կարողանան սովորել աշխատել ցույցեր անող մարդկանց մեծ զանգվածների հետ, թե՛ պահպանելով հասարակական կարգը, թե՛ չխոչընդոտելով մարդկանց բողոքի արտահայտությանը, թե՛ պազորոշ բացատրելով, որ հակաօրինական որեւէ դրսեւորում կկանխվի անմիջապես։
Դատելով ոստիկանների վերջին շրջանի քայլերից, նրանք կարծես այդ ամենը սկսել են յուրացնել։ Համենայն դեպս անցյալ տարվա հոկտեմբերին նույն Տեր-Պետրոսյանի ու նրա կողմնակիցների 7-8 օր տեւած ցուցադրական հանրահավաքների ժամանակ հաջողվեց խուսափել որեւէ լուրջ միջադեպից։ Միաժամանակ նկատենք, որ դա երկուստեք երեւույթ էր, քանզի ցուցարարների, կազմակերպիչների կողմից էլ առանձնապես լուրջ սադրանքներ չդրսեւորվեցին։
Չորրորդ եւ ամենակարեւորը. քաղաքական ուժերը, իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները պետք է վերջիվերջո սովորեն հանդուրժել միմյանց, քննադատեն, մրցակցեն ու պայքարեն առանց միմյանց հայհոյելու, առանց իրար կոկորդ կրծելու։ Դատելով այն հանգամանքից, որ անցած տարի նույնիսկ ՀԱԿ-ն ընդունեց, որ կարելի է իշխանության հետ երկխոսության նստել ու «սպիտակ մարդկանց» նման սեղանի շուրջ քննարկել հարցեր, դա այնքան էլ անհավանական մի բան չէ։
Ոչինչ, որ երկխոսությունը կեսից ընդհատվեց, ոչինչ, որ ամեն մեկը մնաց իր համոզմանը։ Կարեւորը՝ սովորել քաղաքական պայքարը չվերածել անձնական թշնամանքի։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031