Անհրաժեշտ չափով ժամանակ ձգելուց եւ ամեն ինչ դեպի հերթական ընտրությունների հանգրվան տեղափոխելուց հետո արդեն իշխանություններն առանձնապես չեն էլ մտահոգվում մարտի 1-ի մասին։ Նրանք այլեւս ոչ մի բարդույթ չունեն, մեղավորության կամ պատասխանատվության զգացումի մասին ավելորդ է անգամ խոսելը։ Նրանք առանց որեւէ անհարմարության, հենց մարտի 1-ի նախօրեին խորհրդարանում քննարկում են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որով նախատեսվում է զինված ուժերի ներգրավումը արտակարգ իրավիճակներում։ Այսինքն՝ իշխանությունները, որոնք անցած 4 տարիներին բազմիցս քննադատվել են 2008թ. մարտի 1-ին ցուցարարների դեմ հաշվեհարդար տեսնելու գործում զինված ուժերին ներգրավելու համար (ինչի մասին բազմաթիվ փաստեր են հրապարակվել մամուլում), հիմա արդեն որոշել են դա ամրագրել օրենքով։ Նրանց ցինիզմն այն աստիճանի է հասել, որ այդ հարցը լուծում են հենց մարտիմեկյան սպանդի տարելիցի նախօրեին՝ հընթացս հասկացնելով բոլոր «չհասկացողներին», որ իրենց խելոք պահեն, քանի որ հնարավոր նոր մարտիմեկերի դեպքում իրենք արդեն օրենքով բանակը կհանեն ժողովրդի դեմ։
Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
«Ժողովուրդ»