Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանն է կազմելու ցուցակը

Մարտ 01,2012 11:22

Նախօրեին, ըստ Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության, տեղի էր ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի, կենտրոնական գրասենյակի եւ տարածքային կառույցների համատեղ խորհրդակցություն, որը վարել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն ՏերՊետրոսյանը։

 

Խորհրդակցության ընթացքում, ինչպես ասվում էր հայտարարության մեջ, քննարկվել էր ՀԱԿ համամասնական ցուցակի կազմման խնդիրը։ Կոնգրեսի անդամ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանից ճշտել ենք նիստի որոշ մանրամասներ։

Պարոն Գրիգորյան, Կոնգրեսում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ի՞նչ որոշում է կայացվել։

– Որոշում է կայացվել լիազորել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ձեւավորելու համամասնական ցուցակը։ Դրա շուրջ բոլորի տեսակետները լիովին հայտնվել են նրան, եւ բոլորը եկել են լիակատար համաձայնության։

Այսինքն, բոլորը կողմ են եղել, որ ցուցակը ՏերՊետրոսյանը կազմի։

– Այո, Տեր-Պետրոսյանը կազմի՝ ընդգրկելով քաղաքական այնպիսի դեմքերի, որոնք անվերապահ հարգանք են վայելում հասարակության շրջանում։

Հնարավո՞ր է՝ ՏերՊետրոսյանի կազմած ցուցակին որեւէ կուսակցություն համաձայն չլինի։

– Այս կյանքում իդեալական որեկիցե բան զոյություն չունի, դա գիտեն բոլորը։ Նույնիսկ Աստված, երբ որ արարեց աշխարհը, նույնպես իդեալական չարարեց։

Պարոն Գրիգորյան, ինչո՞ւ որոշվեց, որ ՏերՊետրոսյանը միջամտի ցուցակի կազմմանը։ Տեւական ժամանակ է Կոնգրեսի անդամ 18 կուսակցությունները

այդ թեմայով քննարկումներ են անցկացնում։ Արդյոք նրանք չկարողացա՞ն որեւէ համաձայնության գալ։

– Կոնգրեսի բոլոր կուսակցություններն էլ վերին աստիճանի պատրաստակամ էին վերջինը լինել, սակայն որոշակի տարաձայնություններ կային մոտեցումների մեջ։ Այն կոնստրուկտիվ առաջարկությունները, որոնք կատարվել են մեր մի քանի կուսակցությունների կողմից, հանգում էին չընկալվածության։ Եվ այնպես ստացվեց, որ քանի որ ժամկետն էլ սուղ էր, անհրաժեշտությունից ելնելով՝ մենք կարողացանք գալ այդ եզրահանգմանը, այդ որոշմանը, որ Տեր-Պետրոսյանը կազմի։ Ես կարծում եմ, որ դա միակ ճիշտ որոշումն էր։

Ե՞րբ պետք է ՏերՊետրոսյանը Կոնգրեսի կուսակցություններին ներկայացնի ցուցակը։

– Դե, առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում, բնականաբար, կներկայացվի, եւ հանրությունն էլ կիմանա։

Դա նորից պետք է քննարկվի՞ Կոնգրեսում։

– Մենք որոշում կայացրինք, որ դա այն որոշումը պետք է լինի, որ բոլորի կողմից ընկալելի եւ ընդունելի լինի։ Ես կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանն ինքը երկրի ապագայով մտահոգ քաղաքական գործիչ է, որ եթե կրկին վերադարձել է քաղաքականություն, որը առաջին անգամ է պատմության մեջ, բնականաբար հասկանալի է, որ նա ամբիցիաներով չի շարժվում, այլ մտահոգ է երկրի ապագայով։ Իսկ երկրի ապագայով մտահոգ մարդը սխալ որոշում չի կայացնի։

Պարոն Գրիգորյան, որոշում կայացվե՞ց ցուցակի առաջին համարի հետ կապված։ Արդյոք Կոնգրեսի առաջնորդը համաձայնե՞լ է գլխավորել համամասնական ցուցակը։

– Լեւոն Տեր-Պետրոսյանի միակ ասելիքը սա է եղել. «Ես ինձ տեսնում եմ ցուցակի ցանկացած մասում, կարող եմ նաեւ այդ ցուցակում չլինել»։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031