Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի տեխնոպարկն արդեն գործում է, ուստի նոր գաղափարներ են փնտրում

Մարտ 01,2012 11:11

Վերջին օրերին վարչապետի ծավալած կամպանիան հավակնում է գերազանցել աբսուրդի ժանրի բոլոր սահմանները։  Մարզերում կազմակերպված հանդիպումները ՀՀԿ ակտիվիստների հետ ուղեկցվում են մեր տնտեսական «բարեփոխումների» մասին դասախոսություններով, վերջում էլ տրվում է պարտադիր հարցը՝ ի՞նչ առաջարկներ ունեք ՀՀԿ նախընտրական ծրագրում։

Տպավորություն է, թե գործադիր իշխանության ղեկավարը ժամանակից շուտ կատարել է 2007թ. ՀՀԿ նախընտրական ծրագրի բոլոր կետերը, եւ հիմա նոր ծրագրի համար իդեաներ է փնտրում մարզերում։ Արդեն գործում է Գյումրիի տեխնոպարկը, Դիլիջանը դարձել է տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, Եղվարդի ջրամբարի ափին գտնվող 5 աստղանի հյուրանոցային համալիրում ու Ջերմուկի առողջարաններում էլ գբոսաշրջիկներից տեղ ու դադար չկա։ Տիգրան Սարգսյանն էլ «օպերատիվ» գբաղվում է բարձրացվող հարցերով կամ տարիներով լուծում չստացած խնդիրներով։ Նա բոլորովին պատահական իմացավ, որ Քաջարան գյուղի հարցում իրեն սխալ տեղեկություններ են ներկայացվել ու… Ձեռքը սեղանին խփեց։ Իսկ Մաշտոցի պուրա՞կը։ Իհարկե, բնապահպանների բողոքի մասին նա միայն տասը օր հետո իմացավ եւ խոստացավ տեղեկացնել նախագահին։ Իսկ ի՜նչ արժե անցյալ շաբաթ կայացված որոշումը՝ տարիներով կուտակված հողի եւ գույքի հարկերը զրոյացնելու մասին։ Այս բարեգործության համեմատ, ի՞նչ կարեւոր են մի քանի մանր-մունր հարցերը, որ առաջանում են. օրինակ՝ ի՞նչ իրավունքով է կառավարությունր տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներից կատարում 43 մլրդ դրամի այս «լավությունը», ինչպե՞ս են վաղը նույն այդ գյուղապետերը հարկ հավաքելու, եթե ստեղծվում է ոչ այս, ոչ այն՝ պարտքը ներելու այս նախադեպը, եւ, վերջապես, ինչո՞վ է վատ պարտաճանաչ քաղաքացին, որն իր ընտանեկան սուղ բյուջեից կտրելով, այսքան տարի վճարել է իր հարկը։ Բայց երեւի պետք չէ անիմաստ հարցեր բարձրացնել նախընտրական արշավի մեկնարկը ժամանակից շուտ տված մեր վարչապետին։ Երեկ նա հենց այդ պատճառով էլ դիտողություն արեց արտագաղթից, քաղաքական իրավիճակից եւ հացի գների հնարավոր աճի մասին հարց տվող լրազրողներին։ Ի՞նչ հոգ, որ այս հարցերը հուզում են բնակչության ճնշող մեծամասնությանը. մեր վարչապետին դուր է գալիս գեղեցիկ բառերով նկարագրել այն փայլուն «ծրագրերը», իրականացված բարեփոխումները, որոնց շնորհիվ մայիսի 6-ից հետո ձեռնամուխ է լինելու հերթական Նյու Վասյուկիի ստեղծմանը։

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031