Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1. օր, որից հետո պատրաստ էի հեռանալ Հայաստանից

Մարտ 01,2012 00:50

Իմ սերնդի մարդիկ այս տարիների ընթացքում տեսան, թվում է, ամեն ինչ՝ պատերազմի հետեւանքներ, ավեր, պայթեցումներ… Ինքս այս շարքին կարող էի ավելացնել անձնական հիշողություններս, որից ամենավառն է՝ երեք ամսական որդիս, մայրիկիս կարած սպիտակ ժանյակներով խանձարուրի մեջ, սակայն դեմքին մրի հետքեր: «Սոլյարկայի» վառարանի ծխատարից քամին անընդհատ ներս էր խուժում, ու մեր տունը մուր էր լցվում:

Տղայիս առաջին խաղերից մեկն ինքն անվանել էր «տոկ». ամեն ինչի մեջ թել էր գցում, ու գոռում էր «տոկ», մի խոսքով խաղում էր «կիպիտիլնիկ», որ լուսահոգի դասախոսս՝ Ռաֆայել Իշխանյանը հասցրեց թարգմանել «ջեռուկ»:

Վատ հիշողությունների շարանը կարող էի երկար շարունակել: Սակայն վստահաբար ասում եմ՝ երբեք, ամենավատ օրերին անգամ, երբ սով էր, ցուրտ էր եւ այլն՝ Հայաստանից հեռանալու ցանկություն չեմ ունեցել, քանի որ գիտեի՝ ինչի համար են այս զրկանքներն ու ամեն ինչը: 2008 թվականի մարտի 1-ից հետո ես մի շրջան ուզում էի հեռանալ Հայաստանից, քանի որ արդեն չէի հավատում մեր երկրի հեռանկարին:

Պայթունավտանգ, լարված իրավիճակներ անցած 20 տարիներին շատ-շատ եմ տեսել՝ եւ բախումներ սովետական զորքի հետ, եւ հայկական իշխանության մտցրած տանկեր՝ ընդդեմ ընդդիմության: Սակայն ներքաղաքական կյանքում կարծես մի չգրված կանոն կար, որ պարզ ձեւակերպած, հետեւյալն էր՝ ինչ էլ արվի, իրար վրա կրակել չկա: 2008 թվականի մարտի 1-ին խախտվեց այդ վերջին կանոնը, ու դա էլ դարձավ հնարավոր:

4 տարվա վաղեմության այդ դեպքերից հիշողությանս մեջ մնացել է անզոր կատաղությունս, երբ լսում էի խորհրդարանում իշխող մեծամասնության անդամների ելույթները, որոնք անհանդուրժողականության, թշնամանք քարոզելու մեջ մեղադրում էին միայն մյուս կողմին՝ լռելով այն մասին, որ եղբայրասպան այդ «ջրաղացին» ջուր էին լցրել երկու կողմից էլ՝ թեև զգալիորեն տարբեր քանակներով: Այդ ելույթներից մեկի հեղինակը հետո ինձ խոստովանեց, որ երբ խոսում էի հետը՝ դեմքս ատելությունից փոխվել էր: Երբեք ինձ այդպես չեմ պահել մինչ այդ, ու դրանից հետո էլ:

Կատաղությունս առավել անզոր էր այդ պատճառով, որ արտակարգ դրության այդ պայմաններում մեր թեւերը կարծես կտրած լինեին՝ տեսնես, ու չկարողանաս արտահայտվել, գրել, լուսաբանել…

Այս ամենի մասին հիշեցի ոչ այն պատճառով, որ այսօր էլի մարտի 1-ն է, եւ արդեն չորս տարի է՝ սա միայն գարնան առաջին օրը չէ: Ուղղակի աչքովս ընկավ, որ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խորհրդարանում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի հետ կապված հայտարարել է. «Իմ անունը դնում եմ որպես գրավ և հավաստում, որ չկա կառավարության կողմից որևէ դավ այս օրենքի ընդունման հետ կապված»: Մի քիչ միամիտ հավաստիք էր, քանի որ եթե օգտագործվի օրենքով թողնված սողանցքը՝ բանակը ներքաղաքական խնդիրների մեջ օգտագործելու համար (իսկ ես այն մարդկանցից եմ, որ շարունակում են վստահ լինել, թե չնայած իրականացված որոշ փոփոխություններին՝ այդ սողանցքն այնուամենայնիվ կա), եւ եթե մենք կրկին նետվենք այդ հորձանուտը, որտեղ ատելությունն էր, անհուսությունն ու սեփական երկրի ապագային չհավատալը՝ ո՞վ է արդեն հիշելու, թե ինչ էր գրավադրել արդարադատության նախարարը:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ Հովիկ ՄԱԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031