Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց, այդ թվում՝ 12 «Կալաշնիկով» և 9 գնդացիր (տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 29,2012 23:59

PrevPhoto
NextPhoto

Այսօր՝ փետրվարի 29-ին, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի եւ Ավանի բաժանմունքի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություն են ունեցել, որ իրենց վարչական տարածքում գտնվող շինություններից մեկում կա մեծ քանակությամբ զենք–զինամթերք։ Նշված տեղեկությունը ճշտելու նպատակով ոստիկանության Նոր-Նորքի բաժնում ստեղծվում է օպերատիվ խումբ՝ Նոր-Նորքի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վացյանի գլխավորությամբ։ Օպերատիվ խումբը բաժանվում է նաև մի քանի խմբերի, որոնք ղեկավարել են Նոր-Նորքի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանը, ոստիկանության Նոր-Նորքի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Մեխակյանը և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, փոխգնդապետ Վարդան Գևորգյանը։

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանը «Առավոտին» հայտնում է, որ նշված օպերատիվ խմբերը մի քանի օր օպերատիվ–հետախուզական աշխատանքներ են կատարել և երբ համոզվել են, որ արդեն տեղեկությունները հավաստի են, դիմել են Երևանի Ավան, Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղից էլ ստացել են խուզարկության որոշում։

Քիչ առաջ, ստանալով դատարանի թույլատրությունը, Նոր-Նորքի ոստիկանները Մոլդովական 12 հասցեում գտնվող նախկին կաթսայատանը կից շինության մեջ հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք–զինամթերք, այդ թվում՝ 12 հատ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ՝ իր պահունակներով, 9 հատ «ПK» տեսակի գնդացիր, 4 հատ հակատանկային ականանետ, СВД տեսակի հրազեն՝ դիպուկահարի հարմարանքներով, 4 տասնյակից ավելի F1 տեսակի նռնակներ և մեծ քանակությամբ տարբեր տեսակի և տրամաչափի փամփուշտներ։ Հայտնաբերվել են նաև մեծ քանակի «Ամունալ» և «Տրոտիլ» տեսակի պայթուցիկներ՝ իրենց պայթուցիչներով։

Ֆոտոլրագրողը դեպքի վայրից հայտնում է, որ հայտնաբերված զենք–զինամթերքն այնքան շատ է, որ չի կարողանում թվարկել ամբողջական կազմը։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները կեսկատակ- կեսլուրջ պատմում էին, որ  հայտնաբերված զենք–զինամթերքով կարելի է զինել մի ամբողջ բանակային կորպուս։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։

Դեպքի վայրում քննչական աշխատանքները կազմակերելու համար ժամանել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետ Գևորգ Գևորգյանը։ Քննիչների հանձնարարականով դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ սակրավորները։ Այս պահին ոստիկանության Նոր-Նորքի քննչական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, ընթերականների ներկայությամբ դեպքի վայրում խուզարկության արձանագրություն են կազմում։ Ի դեպ, հայտնաբերված զենքն ու զինամթերքը գտնվում է բնակելի տարածքներին շատ մոտ և եթե ոստիկանությունը չհայտնաբերեր նշվածը, հնարավոր է՝ տեղի ունենար պայթյուն, ինչն ավելի ողբերգական հետևանքներ կունենար։ Առգրավված ողջ զենք–զինամթերքն ուղարկվելու է ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն։

Նշված շինությունը պատկանում է Երևանի բնակիչ, Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող նախկին ուսանողական հանրակացարանի պարեկ, 47-ամյա Արշավիր Կարապետյանին։ Նախաքննության շահերից ելնելով՝ ֆոտոլրագրողն այս պահին որոշ մանրամասներ չի հայտնում։

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` ապօրինի զենք-զինամթերք պահելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829