Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում ևս խորհրդարանական ընտրություններ են. հայ թեկնածուները հինգն են

Փետրվար 29,2012 23:37

Մեր հարևան երկրի չափահաս բնակիչները ուրբաթ՝ մարտի երկուսին, ընտրելու են Իրանի իններորդ իսլամական խորհրդարանը: Իրանի խորհրդարանը բաղկացած է 290 պատգամավորից, որի մանդատների ձեռք բերման համար պայքարի են դուրս եկել երեք հազար չորս հարյուր թեկնածու. թեկնածուները պետք է լինեն 30-75 տարեկան և ունենան մագիստրոսի գիտական աստիճան: Իրանն որդեգրել է հարյուր տոկոսանոց մեծամասնական ընտրական համակարգ. երկրի երեք կրոնական փոքրամասնությունների (հայ և ասորի քրիստոնյաներ, զրադաշտականներ և մովսիսականներ) համար նկատի է առնված հինգ տեղ, իսկ մյուս բոլոր պատգամավորները պարտադիր կերպով պետք է իսլամ կրոնի հետևորդներ լինեն:

Պատգամավորության թեկնածուների գրանցումը համապատասխան քննարկումներից հետո հաստատում կամ մերժում են «Երկրի սահմանադրության պահապան խորհուրդը» և Ներքին գործերի նախարարությունը. թեկնածուների ներկայացրած փաստաթղթերի հավաստիության և արժանիքների  մասին հարցում է կատարվում Արդարադատության և Անվտանգության նախարարություններին, Ոստիկանության և ԶԱԳՍ-ին (ՔԿԱԳ): Այս ատյանները մերժել են մեծ թվով ցանկացողների թեկնածություններ, որոնցից 32-ը գործող խորհրդարանի պատգամավոր են: Ընտրության քարոզարշավի համար նշանակված է մեկշաբաթեայ ժամանակաշրջան: Ընտրությունների ավարտին հաղթող է ճանաչվում քվեարկողների երկու-երրորդի կողմ քվեները հավաքած թեկնածուն, այլապես կատարվում է կրկնակի ընտրություն և հաղթում է առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Նորընտիր խորհրդարանն իր անդրանիկ նիստը կգումարի 27 մայիսին, չորս տարի ժամկետով:

Այս տարվա ընտրություններին չեն մասնակցում 2009 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում  Ահմադինեժադի հիմնական ախոյաններ Մուսավին ու Քառուբին, որոնք տնային կալանքի տակ են գտնվում: Նրանց համախոհ և Իրանի հինգերորդ նախագահ Խաթամին հայտարարել է, որ ազատ ընտրություններ կատարելու համար համապատասխան պայմաններ չկան: Փորձագետների կարծիքով այս տարի հիմնական մրցակցությունը տեղի է ունենալու իսլամական սկզբունքներին առավել կառչած և արմատական հայացքներ ունեցող դաշինքների և խմբերի միջև: Որոշ հակասություններ են ծագել  Իսլամական պետության առաջնորդ՝ Այաթօլլահ Խամենեիի մոտ շրջապատի և  երկրի նախագահի միջև, որոնք միմյանց քննադատում են հեղափոխության սկզբունքներից շեղվելու մեջ:

  • Համաձայն Իրանի իսլամական հանրապետության Սահմանադրության՝ կրոնական փոքրամասնությունների հինգ մանդատներից երկուսը պատկանում է հայերին: Իրանի հյուսիսի հայաբնակ շրջանների համար (Թեհրան կենտրոնով) իրենց թեկնածությունն են առաջադրել Կարեն Խանլարյանը,Արմեն Հայրապետյանը և Սարգիս Ստեփանյանը. հարավի (Նոր-Ջուղա կենտրոնով) հայության թեկնածուներն են գործող պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը և Վրեժ Տեր-Մարտիրոսյանը: Հյուսիսային իրանահայության գործող պատգամավոր Գևորգ Վարդանյանը հրաժարվել է կրկին անգամ թեկնածու դառնալ: Ծանոթ լինելով հինգ թեկնածուների կողմնորոշումներին, ենթադրում ենք իրանահայության  մոտ սուր ընտրապայքար չի լինելու և ընտրվելու են Ռոբերտ Բեգլարյանն ու Կարեն Խանլարյանը:

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829