Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կստանձնի գլխավոր կավատի դերը

Փետրվար 29,2012 23:24

Ամերիկացի պրոֆեսոր Ստեֆան Քարթերը հաշվարկել է, թե որքան եկամուտ կունենա բյուջեն, եթե, օրինակ, պետությունը հարկ սահմանի սեքսուալ ակտի համար, եւ լավագույնս օգտագործվի ստացված եկամուտը: Պրոֆեսորի կարծիքով՝ եթե ԱՄՆ-ի սեքսուալ ակտիվ 200 միլիոն քաղաքացիները թեկուզ երկու դոլար վճարեն սեռական ակտի համար, ապա դա տարեկան կկազմի 10 միլիարդ դոլար: Գումարը հաշվվել է` ելնելով ամերիկացիների սեքսուալ նորմայից. հետազոտությունների համաձայն՝ ամերիկացիները սեքսով են զբաղվում միջին հաշվով ամսական երկու անգամ:

Իսկ Հայաստանը տարեկան քանի միլիոն եկամուտ կունենա, եթե ոչ թե հետեւի ամերիկացի պրոֆեսորի մտահղացմանը, այլ գոնե օրինականացնի մարմնավաճառությունը եւ հասարակաց տների բացումը:

Վերջերս facebook սոցիալական ցանցում տեղադրված հարցմանը՝«ինչպես եք վերաբերվում Հայաստանում մարմնավաճառության օրինականացմանն ու հասարակաց տների բացմանը», ֆեյսբուքահայերի մեծամասնությունը, որոնց թվում էին հասարակության մեջ լուրջ դիրքեր զբաղեցնող անձինք, քաղաքական, հասարակական գործիչներ, կողմ էին արտահայտվել: Հարցման վերաբերյալ լուրջ քննարկում էր ծավալվել: Facebook-ի օգտատերերից մեկը, նկատելով, որ մարմնավաճառությունը միշտ եղել է, կա ու կլինի, առաջարկում էր դիմել կառավարությանը, ստանալ համաձայնություն, որպեսզի առողջապահական եւ սոցիալական ապահովագրական մարմինների կողմից ստուգումներ իրականացվեն, մարմնավաճառներն էլ համապատասխան վկայական ստանալու համար դիմում գրեն ու համաձայնեն ՁԻԱՀ-ի եւ վեներական հիվանդությունների կանոնավոր հետազոտություն հանձնել եւ աշխատեն օրինական հասարակաց տներում:

Մարմնավաճառների «գործով» մտահոգված մեկ այլ օգտատիրոջ կարծիքով էլ՝ այս «մասնագիտության» զարգացման գործում մեծ «ավանդ» ունի նաեւ ինտերնետը, որովհետեւ «խելացի» մարմնավաճառը իր համար «կլիենտ» գտնելու հարցում փողոցներում էլ չի սառչում, ուղակի odnoklassniki, vkontakte, facebook, znakomstva եւ այլ կայքեր է մտնում՝ «բայց, ախր, ոչ բոլոր մարմնավաճառներն են, որ կարողանում են ինտերնետից օգտվել, հենց դրա համար էլ լավ կլինի այս գործն օրինականացնել, որից կշահի թե պետությունը, թե քաղաքացին»:

Մարմնավաճառության օրինականացման, հասարակաց տների բացման վերաբերյալ Aravot.am-ը զրուցեց «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հ/կ-ի ղեկավար Մամիկոն Հովսեփյանի հետ, որի փոխանցմամբ՝ «ինքս մարմնավաճառությանը, որպես երեւույթ, դրական չեմ վերաբերվում, սակայն, հանգամանքների բերումով, այն կա եւ որպես արգելված պտուղ՝ ոմանց համար ավելի քաղցր է, քան զգացմունքային հարաբերություններն իրենց սիրած անձի հետ: Ցավոք, հնարավոր չէ այն կասեցնել նույնիսկ օրենքով, ուրեմն պետք է ձեռնարկել այնպիսի միջոցներ, որ գոնե դրանից բխող խնդիրները նվազեցվեն»:

Մ. Հովսեփյանի ձեւակերպմամբ՝ մարմնավաճառությունն օրինական դարձնելու դեպքում հարկավոր է այն վերահսկելի դարձնել, խուսափել այդ գործում անչափահասների ներգրավված լինելուց, բժշկական զննումների շնորհիվ զերծ մնալ նաեւ սեռավարակների տարածումից: «Մյուս կողմից՝ տարբեր հանգամանքերով մարմնավաճառության մեջ ներգրավված անձինք ավելի քիչ բռնության կենթարկվեն իրենց հաճախորդների կողմից, պահպանակի կիրառումը միգուցե պարտադիր պայման դառնա, երբ երեւույթն ավելի վերահսկվի: Եվ, ի վերջո, մարմնավաճառության մեջ ներգրավված անձինք կվճարեն հարկեր՝ իրենց ստացած շահույթի դիմաց»,- հավելեց Մ. Հովսեփյանը:

Մեզ հետ զրույցում գրող, բլոգեր Դօրիանն էլ ասաց, որ ինքը facebook-ում տեղադրված հարցմանը կողմ է քվեարկել, եւ ավելացրեց՝ «Մարմնավաճառության օրինականացումը պարզապես հնարավորություն կտա վերահսկողության տակ վերցնել ոլորտը, նվազեցնել սեռավարակների դեպքերը, մաքրել քաղաքի փողոցները: Պայքարել երեւույթի դեմ, միեւնույն է՝ անհնար է, իսկ այն օրինական դաշտ տեղափոխելը կօգնի գոնե պայքարել դրա հետեւանքների դեմ»:

Բացի այդ, ըստ Դօրիանի, պետական շահերից է բխում ոլորտը հարկային դաշտ մտցնելը. «Ինչո՞ւ ոչ: Ես վստահում եմ մեր պետությանը գլխավոր կավատի դերը: Նրանից լավ ոչ ոք չի կարող ապահովել թե՜ սեքս-աշխատողների, թե՜ նրանց ծառայություններից օգտվողների անվտանգությունը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829