Այսօր՝ փետրվարի 29-ին, ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վարչական պատասխանատվության են ենթարկել օրինախախտ վարորդին։
Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչական ակտը կազմվել է «Տոյոտա Պրադո» մակնիշի 029 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ։ Նշված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ–ական «Դերժավայի Արկադ» մականվամբ Արկադի Համբարձումյանին։ Ավտոմեքենան տեխզննման և ԱՊՊԱ կտրոններ չուներ, դրանք դրվել են այսօր, ինչի կապակցությամբ արձանագրություն է կազմվել։
Երեկ՝ փետրվարի 28-ին, երբ ԱԺ-ում քննարկվում էր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցը, ԱԺ մարշալ Բաղրամյան մուտքի մոտ բողոքի ակցիա էին անում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը: Արդեն տեղեկացրել ենք, որ այդ ժամանակ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը ֆիքսել էր, որ «Մերսեդես G500» մակնիշի 005 ՕՕ 05 եւ «Տոյոտա Պրադո» մակնիշի 029 ՕՕ 11 համարանիշներով ավտոմեքենաների վարորդները երթեւեկում էին առանց ամրագոտու եւ ավտոմեքենաների դիմապակուց բացակայում էին ԱՊՊԱ եւ տեխզննման կտրոնները։ Գ. Շամշյանը հայտնել էր, որ «Մերսեդես G500»-ի մեջ նստած անձինք նեղսրտել էին. «խի՞ ես նկարում, ինչ օգուտ կտա»։ Մեքենայի ղեկին նստած էր ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը: Քիչ անց Գ. Շամշյանին էր մոտեցել մի երիտասարդ եւ զրույցի բռնվել նրա հետ. «Էս ավտոները խի՞ ես նկարում, սրանց տերերն ու շեֆերը Հանրապետական են»: Երիտասարդը փորձել էր համոզել, որ կադրերը «բուբալիտ» արվեն, իսկ երբ Գ. Շամշյանը հարցրել էր, թե «բուբալիտ»-ը ո՞րն է, ձեռքի ծխախոտը նետել էր Շամշյանի ուղղությամբ եւ հայհոյանքներ տեղացել: Նրա ագրեսիան կարողացել էին սանձել այնտեղ գտնվող ոստիկաններն ու քաղաքացիները: Ավելի ուշ պարզվել էր, որ 029 ՕՕ 11 համարանիշը գրանցված է ԱԺ ավտոտնտեսության բալանսում եւ սպասարկում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանին: Իսկ «Մերսեդես G500»-ը գրանցված է Արմավիրի մարզում «Տնաշին-Աշոտ» ՍՊԸ-ի բալանսում: ԱԺ մոտ հավաքվածները տեղեկացրել էին, որ այդ ավտոմեքենան պատկանում է արմավիրցի ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանին: