«Ժառանգություն» կուսակցությունն ահազանգել էր, որ մարզային հեռուստաընկերություններին բանավոր հրահանգվել է չլուսաբանել կուսակցությունների քարոզարշավը: Ըստ «Ժառանգության» տարածած հաղորդագրության, տեղական որոշ հեռուստաընկերություններ քարոզարշավը լուսաբանելու նպատակով մասնակցել են մրցույթների, շահել դրամաշնորհ, բայց հիմա նրանց արգելվում է այն իրականացնել:
Aravot.am-ը այս առնչությամբ ՀՌԱՀ-ին խնդրել էր մեկնաբանել՝ եղե՞լ է նման գրավոր կամ բանավոր հրահանգ: Ի պատասխան՝ հանձնաժողովը պարզաբանել է, թե իրենք հեռուստաընկերությունների հետ ընդամենը քննարկել են այն հարցը, որ քարոզարշավում պետք է ապահովեն անկողմնակալ , գնահատականներից զերծ լուսաբանում եւ երաշխավորեն հավասար պայմաններ: ՀՌԱՀ-ի գնահատմամբ՝ «Տարօրինակ է , որ «Ժառանգություն» կուսակցությունը, հակառակ մեր քարոզչական հավասարության պահանջկոտությունը ողջունելու, անհասցե վկայակոչություններով փորձում է վարկաբեկել սկսված գործընթացը»։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ պատրաստ են անուններ տալ եւ ասել աղբյուրը, բայց դա կանեն ոչ թե հիմա, այլ այն ժամանակ, երբ կտեսնեն մարզային հեռուստաընկերությունների վարքագիծը: Մեր հարցին՝ այսինքն կարծում եք, եթե անուններ տաք՝ կվնասե՞ն այդ հեռուստաընկերությանը՝ պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Ես մի բան գիտեմ, վստահաբար նրանց զգուշացվել է: Դրանք պատի տակի խոսակցություններ չեն: Հրահանգ է իջել որեւէ կերպ չլուսաբանել ընտրական շրջանում քաղաքական կուսակցությունների քարոզարշավը: Անուն այս պահին չեմ տա, պարզապես կսպասենք հեռուստաընկերությունների վարքագծին: Երկու դեպքում էլ կհրապարակենք այն, ինչի մասին տեղյակ ենք: Եթե չլուսաբանվի, արդեն իսկ ակնհայտ կդառնա, որ բոլոր մարզային հեռուստաընկերությունները այնպես չի,որ երազ են տեսել ու միահամուռ չեն ուզում լուսաբանել քարոզարշավը: Գրիգոր Ամալյանը նրանց երազում հաստատ չի եկել: Քանի որ ՀՌԱՀ-ը ցանկանում է իմանալ անուն՝ մենք հստակություն կմտցնենք, այս պահին թող բավարարվեն այսքանով»:
Պարոն Սաֆարյանը նաեւ ասաց, որ լավ կլիներ, որ ՀՌԱՀ-ը ոչ թե փորձեր պարզել, թե ինչ խողովակով են իրենք իմացել այդ հրահանգի մասին, այլ պարզապես հայտարարի, որ հեռուստաընկերությունները պարտավոր են օրենքի շրջանակներում օգնել ընտրողին կողմնորոշվել՝ ներկայացնելով մաքսիմալ ինֆորմացիա՝ քաղաքական ուժերի մասին. «ՀՌԱՀ-ի այդ արձագանքն էլ արդեն վկայակոչում է, որ իրենք էլ են մատնում, որ տակը բան կա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ