Մայրաքաղաքում ներդրումային ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և ներկայացնելով իր ղեկավարած ընկերության գործարար հետաքրքրությունները՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ «Ամերիա» ընկերությունների խմբի մաս կազմող «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի»-ն առաջարկում է 2012–2016թթ. մայրաքաղաքում իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր: Ընկերությունը, մասնավորապես, առաջարկում է Երևան քաղաքում իրականացնել տուրիզմի, գործարար ենթակառուցվածքների և համաքաղաքային հանգստյան և ժամանցի վայրերի, զբոսայգիների և կանաչ գոտիների ժամանակակից համակարգի ձևավորմանն ու զարգացմանն ուղղված ներդրումային մի քանի ծրագրեր։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդգծելով մայրաքաղաքի զարգացման գործում ներդրումային ծրագրերի ներգրավման կարևորությունը, նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում աջակցել նմանատիպ բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կնպաստեն Երևանի զարգացմանն ու երևանցիների բարօրությանը։
Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ առաջիկայում, արված առաջարկություններն ուսումնասիրելուց հետո, կողմերն առավել առարկայական քննարկում կծավալեն։
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն