Էլեկտրոնային լրատվամիջոցներն այսօր մեծ թափով զարգացում են ապրում, որին զուգընթաց առաջացնում մի շարք մարտահրավերներ՝ լրագրության, տեղեկատվության ազատության ոլորտներում: Այս խնդիրներին անդրադարձ կա ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի նախապատրաստած զեկույցում եւ բանաձեւի նախագծում, որոնք Վեհաժողովում շրջանառության մեջ են դրվել այս տարվա փետրվարի 15-ին:
«Ազատ արտահայտվելու իրավունքի և տեղեկատվության ազատության պաշտպանությունը ինտերնետում և էլեկտրոնային լրատվամիջոցներում» վերնագրով զեկույցում Զ. Փոստանջյանը շեշտում է, որ տեղեկատվության ազատության և ազատ արտահայտվելու իրավունքի պաշտպանության առումով պետք է քննարկել ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլ մասնավոր անձանց կողմից սահմանափակումները:
Իսկ բանաձեւի նախագծում փաստվում է, որ նոր մեդիայի արագ զարգացման պայմաններում արդեն անհնար է դառնում իշխանության կողմից լիակատար վերահսկողությունը տեղեկատվության տարածման դաշտում:
Ըստ այս նախագծի՝ Վեհաժողովը պիտի խստորեն դատապարտի բոլոր սահմանափակումներն ուղղված ինտերնետի և էլեկտրոնային լրատվամիջոցների օգտագործմանը: Փոխարենը վեհաժողովը դրական է գնահատում քաղաքացիների` հրապարակային հանդես գալու բոլոր այն նախաձեռնությունները , որոնք մասնավորապես ուղղված են տարատեսակ բռնություններին, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին, կառավարության աշխատանքում թերություններին, կոռուպցիային և այլ խնդիրների վերհանմանը: Նաև քաջալերում է մասնագետ-լրագրողների` ինտերնետում գոյություն ունեցող տեղեկատվության վերլուծությունն ու տարածումը:
Կարդացեք նաև
Բանաձեւի նախագծի 4-րդ կետով սահմանվում է, որ անդամ երկրները չպետք է սահմանափակեն հասարակության իրավունքը՝ տեղեկանալ իրենց հուզող խնդիրներին վերաբերող հարցերին` վկայակոչելով զրպարտության, ազգային անվտանգության և հակաահաբեկչական օրենքները
Ռասիզմի և քսենոֆոբիայի երևույթները ևս դատապարտելի են վեհաժողովի կողմից: Նախագծի 9-րդ կետով ամրագրված է, որ Վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում, որ էլեկտրոնային լրատվամիջոցների միջնորդները` նկատի ունեն տեխնիկական սպասարկման ոլորտը, կարող են կոմերցիոն նպատակներից ելնելով անհարկի սահմանափակումներ մտցնել այս կամ այն ինֆորմացիայի տարածմանը հասարակության շրջանում:
Ինտերնետում և էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկատվության և խոսքի ազատության ապահովման նպատակով վեհաժողովը ԵԽ անդամ երկրներին կոչ է անում.
1. հարգել ինտերնետում և էլեկտրոնային լրատվամիջոցներում խոսքի և տեղեկատվության ազատությունը ոչ միայն հասարակության, այլև մասնավոր անձանց կողմից` միևնույն ժամանակ հարգելով անձի անձնական կյանքի և տվյալների գաղտնիությունը,
2.կոչ է անում էլեկտրոնային լրատվամիջոցներին մշակել ինքնակառավարման մեխանիզմներ,
3. էլեկտրոնային լրատվամիջոցների սեփականատերերին կոչ է անում հասարակությանը ցույց տալ թափանցիկ աշխատանք:
Հատուկ ուշադրություն է դարձվում նաև էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվության բովանդակությանը, մասնավորապես այն չպետք պարունակի մանկական պոռնոգրաֆիա, բռնություն, քսենոֆոբիա, ռասիզմ և այլն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ