Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյանը Վահան Հովհաննիսյանին առաջարկեց սատանիստի հետ էլ «ռազվեդկայի» գնալ

Փետրվար 29,2012 17:29

«Վահանը շատ երանգաշատ մարդ է, պիտակավորման ճանապարհով է գնացել մարդը: Ես փաստերով եմ խոսում: Կրպակի աշխատողները բանի պետք չե՞ն, թե՞ երեւանցի չեն, թե՞ սատանիստն է երեւանցի: Դրանց պիտի լսեք, դրանց հետ պիտի ռազվեդկա գնաք, հա՞: Ով որ ասում է` թող հենց ինքն էլ դրա հետ ռազվեդկա գնա»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն այսպես մեկնաբանեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի այն դիտարկմանը, որ որեւէ ախտորոշում չես կարող տալ այն գործիչներին, ովքեր մատնիչ ու գործակալ են համարում Մաշտոցի այգու համար պայքարողներին: Ըստ Վահան Հովհաննիսյանի հրապարակման` ոմանք առաջնորդվում են այն գիտակցությամբ, թե «քեզ դուր չե՞ն գալիս պիջակներին կլոր նշաններով իմաստուն պետերի որոշումները, ուրեմն՝ դու չես սիրում Հայրենիքդ։ Քեզ հետ Նժդեհը հետախուզության չէր գնա…Այո, այդ երիտասարդները դժգոհ են իշխանությունից։ Ես էլ եմ դժգոհ։ Եվ դա մեր իրավունքն է»։

Ակնհայտորեն այս դիտարկումները հասցեագրված են այն մարդուն, որը փնովել էր այգու ակտիվիստներին: Իսկ նման բան ընդամենը 1 օր առաջ ասուլիսում արել էր Մանվել Բադեյանը: Վերջինիս համոզմամբ` ինքը փնովում է, որովհետեւ փաստեր կան, օրինակ` սատանիստի խոստովանությունը. «Գրանտային բազմաթիվ կազմակերպություներ կան այնտեղ, որոնք ուզում են ապակայունացնել եւ լարվածություն  մտցնել: Մաշտոցի այգին նրանց համար սոսկ պատրվակ է: Եթե այդքան կանաչասեր էին իրենք, այդքան մտածում էին Երեւանի արտաքին տեսքի մասին, որ իբրեւ թե խաթարվում է, նրանք թող խոսեին այն ժամանակ, երբ դա զիբիլանոց էր: Նրանք կոնստրուկտիվ որեւէ առաջարկ չունեն: Ես չեմ նկատել, որ մի բան քանդելուց դրանք դեմ լինեն, բայց ամեն սարքելուն անպայման դեմ են լինում: Հենց մի հատ քարը քարի վրա դրվում է` մենք դառնում ենք հականժդեհական»:

Պարոն Բադեյանը կրկնեց ասուլիսում իր խոսքերը, որ «այգում հավաքված զանգվածի մեջ կան մարդիկ, որ իրոք ազնիվ են, բայց մեծամասնությունը ուղղորդված է: Կա’մ մոլորության մեջ են, կամ էլ շատ էլ լավ անազնիվ են»:

Մեր հարցին` պայքարին մասնակցում էին նաեւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները, հիմա նրանք ազնիվների՞ մեջ էին, թե՞ անազնիվների` պարոն Բադեյանը պատասխանեց. «Ես իմ վրա այդ պատասխանատվությունը չեմ վերցնի, որ ՀՅԴ-ն անազնիվ է եւ ուղղորդվում է որեւէ կենտրոնից: Դա այդպես չի, բայց այն  փաստը, որ ՀՅԴ-ն փորձում է օգտագործել նախընտրական շեմին ցանկացած մի բան, դա իմ համար լրիվ հասկանալի է եւ ընդունելի է, նորմալ է, որ ընդդիմադիր կեցվածք է ստանում, մանավանդ` ընտրությունների նախաշեմին: Ես դրա վրա չեմ զարմանում, կզարմանայի, որ չանեին: Բայց երբ նայում եք բովանդակային մասը` 100 տարի զիբիլանոցի վերաբերյալ որեւէ մեկը ձայն չի բարձրացրել, առաջարկ չի արել, բողոքի ակցիա չի արել, ոչ մեկը չգիտեր էլ որ այդ տարածքի անունը Մաշտոցի այգի է: Հիմա հենց իմացան, որ այդտեղ լավ բան պիտի լինի, սոցիալական խնդիր պիտի լուծվի` պայքարեցին: Կրպակների աշխատողներին հանենք գցենք փողո՞ց: Այդ մարդկանց ստիմուլ ենք տալիս ադապտացիայի` ասելով, որ ընդառաջում ենք` 1-2 տարի փող աշխատեք, այդ մարդիկ բանի պետք չե՞ն, թե՞ երեւանցի չեն, թե՞ սատանիստն է երեւանցի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829