Չնայած նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկին դեռ մեկ ամիս ժամանակ կա, սակայն Գյումրիում օր օրի ավելանում են տարբեր քաղաքական կուսակցությունների գրասենյակները: Այս առումով աննկարագրելի ակտիվություն է ցուցաբերում ՕԵԿ-ը, որը տարածքներ է վարձակալում անգամ ռեստորանների կամ շինանյութերի խանութների 2-րդ հարկերում ու դրանց դռները, չգիտես ինչու, փակ է պահում:
ՕԵԿ-ից հետ չի մնում նաև ՀՅԴ-ն, որը Գյումրիում երկար ժամանակ զբաղված էր ներկուսակցական «ռազբորկաներով»: Գրասենյակաշինությամբ լրջորեն զբաղվում են նաև թիվ 34 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվող ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը:
Իսկ ի՞նչ է մտածում այս մասին ՀԱԿ-ը, որը նույնպես շահագրգիռ է խորհրդարանում պատվավոր տեղ զբաղեցնելու. մի՞թե բավարարվելու է ընդամենը երկու գրասենյակով: Գյումրու ՀԱԿ համակարգող Աշոտ Զաքարյանը մեր այս հարցերին այսպես պատասխանեց. «Ես դա համարում եմ անլուրջ, էս քաղաքում համարյա մարդ չի մնացել, 70-80 հազար հոգի են , 150 մետրը մեկ գրասենյակ են բացում: Կարևորը գրասենյակի քանակը չէ, կարևորը՝ ինչքանով են արդյունավետ աշխատում, իսկ իրենք այսպես ասած «տավառնի վիդը» պահելու համար են դա անում, կամ էլ լավագույն դեպքում գրասենյակ անվան տակ ընտրակաշառք բաժանելու կետեր են հիմնում»:
Աշոտ Զաքարյանի հետ ամբողջական հարցազրույցը ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ