Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կայացավ Միավորված աշխատանքային կուսակցության համագումարը, որի ժամանակ որոշում ընդունվեց ԱԺ առաջիկա ընտրություններին գնալ «Բարգավաճ Հայաստանի» հետ միասնական ցուցակով: Համագումարը սկսվեց ժամը 13-ին, սակայն Գագիկ Ծառուկյանի այցը նախատեսվում էր ժամը 14-ին: Առաջին հինգ հարցերը՝ այդ թվում ՄԱԿ-ի քաղխորհրդի, կանոնադրական խորհրդի եւ այլնի ձեւավորումը արագ տեւեց, որից հետո, երբ հարցը հասավ 6-րդ հարցին՝ ԱԺ ընտրություններին ՄԱԿ-ի մասնակցությանը, կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը տեղեկացրեց, որ մինչեւ պատվավոր հյուրերի (խոսքը ԲՀԿ պատվիրակության մասին է՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ) գալը ինքը կներկայացնի ներքաղաքական որոշ դիտարկումներ:
Ժամանակը լցնելու այդ ձեւը ՄԱԿ-ի անդամները ողջունեցին: Պարոն Արսենյանը անդրադարձավ մասնավորապես 2008-ից հետո երկրում ստեղծված իրավիճակին, երբ տիրում էր քաղաքական թշնամանքի ռեժիմը: Ըստ ՄԱԿ նախագահի՝ ինքն իր ուժերի սահմաններում փորձել է օգնել քաղաքական թշնամանքի ռեժիմից քաղաքական մրցակցության ռեժիմին անցնելուն. «Քաղաքական թշնամանքի ռեժիմը չի ենթադրում որեւէ այլ բան, քան դիմացինի ոչնչացում: 2011 թվականի գարնանից մինչեւ հոկտեմբեր, մենք էլ մեր կողմից (չգիտեմ թե որքանով են եղել էական այդ քայլերը), բայց քայլեր ենք արել այդ մթնոլորտը փոխելու համար»: Ըստ Գ. Արսենյանի՝ մթնոլորտի փոփոխությանն առանձնապես նպաստել է այն, որ «այն մարդիկ, ովքեր գտնվում էին կալանավայրերում իրենց քաղաքական գործունեության համար, կալանավայրերից արձակվեցին: Տեղի ունեցավ համաներման գործընթաց: Արդյունքում մենք մի քիչ ավելի մեղմ մթնոլորտում ենք գնում դեպի համապետական ընտրություններ: Ընտրությունները պետք է դիտարկենք ժողովրդի կողմից իշխանության ձեւավորման մեխանիզմ եւ ոչ թե պատերազմական գործողությունների սկիզբ»:
Գուրգեն Արսենյանը խոսեց նաեւ արտագաղթից, կուսակցությունների գաղափարախոսությունից, նրանից, որ կուսակցությունների քանակը մեր փոքրիկ երկրի համար չափից դուրս շատ է, կոչ արեց բոլոր պահպանողական կուսակցություններին համախմբվել, օրինակ, պահպանողական ԲՀԿ-ի շուրջ, սոցիալիստական գաղափարախոսություն ունեցողներին՝ սոցիալիստական ուղղվածություն ունեցող հայտնի կուսակցության շուրջ եւ այլն: Այս խոշորացումները պարոն Արսենյանն առաջարկում էր նրա համար, որպեսզի չփոշիանան որոշակի գաղափարախոսության կրողների ձայները: Դրանով նա պայմանավորեց նաեւ ՄԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միասնությունը՝ ԱԺ ընտրությունների կապակցութամբ:
Քանի դեռ ժամը 14-ը չկար, հետեւաբար նաեւ ԲՀԿ-ականները չէին եկել, Գուրգեն Արսենյանը հասցրեց անդրադառնալ նաեւ արաբական գարնանը, Եգիպտոսի իրադարձություններին, իսլամիստական ուժերի զարթոնքին եւ այլն: Բարեբախտաբար, ԲՀԿ պատվիրակությունը չուշացավ:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ