Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռեգիմանտաս Ադոմայտիս. Հայաստանն ինձ համար երկրորդ հայրենիք է

Փետրվար 29,2012 16:35

ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի թատերական գործիչների միությունը, «Սայաթ-Նովա» եւ «Վահագն» մրցանակաբաշխությունների կենտրոն» հ/կ-ները փետրվարի 29-ից մարտի 5-ը Երեւանում անցկացնում են մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 10-րդ` հոբելյանական փառատոնը: Փառատոնին մշակույթի նախարարության հրավերով` Հայաստան-Լիտվա մշակութային երկկողմ համագործակցության շրջանակներում մասնակցում է նաեւ Լիտվայի պաշտոնական պատվիրակությունը:

Ինչպես այսօր մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, նախորդ տասը տարիների ընթացքում փառատոնն ապրել է զգալի զարգացում. «Մոնոներկայացումների մոդելը հետաքրքիր է եւ ներկայացնում է նոր ձեւաչափեր ու մոտեցումներ»: Փոխնախարարը հավելեց, որ Հայաստանի եւ Լիտվայի մշակույթի նախարարությունների միջեւ ստորագրվել է համագործակցության պայմանագիր, ինչը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը: Խոսելով լիտվական թատրոններից` Լիտվայի մշակույթի փոխնախարար Դեւիդաս Ստանպոնկուսը նշեց, որ կյանքի արագընթաց ռիթմին զուգահեռ` դերասանները գնում են մի թատրոնից մյուսը. «Թատերական կյանքը հագեցած է, մեր ռեժիսորները Մոսկվայում էլ են աշխատում»:

Լիտվայի Ազգային դրամատիկական թատրոնի դերասան, Լիտվայի եւ ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսը նշեց, որ Հայաստանը վաղուց իր համար երկրորդ հայրենիք է դարձել. «Հայաստանի շնորհիվ ապրել եմ այն, ինչը ուրիշ պայմաններում չէի զգա»: Դերասանն ուրախությամբ է ընդունել Ֆրանսիայի Սենատի` ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը եւ զարմացած է, որ Թուրքիան մինչ այժմ չի ընդունել. «Ինչպե՞ս կարելի է չընդունել… Ես ինքս այդքան փաստեր գիտեմ եւ տեսել եմ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցնցող հուշարձանը»: Ադոմայտիսը հավելեց, որ իր սիրելի շանսոնիեն է Շառլ Ազնավուրը. «Համաշխարհային տխրություն կա նրանում: Երբ իմացա, որ հայ է, հասկացա, թե ինչու»,- ասաց դերասանը:

Ադոմայտիսի ծննդյան 75-ամյակին նվիրված ստեղծագործական երեկոն տեղի կունենա այսօր` Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

«Արմմոնոի» շրջանակներում առանձին ծրագրով ներառված է նաեւ Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային փառատոնը` կրկին մոնոներկայացումների ձեւաչափով: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ փառատոնի հիմնական ֆինանսավորումը կատարվել է մշակույթի նախարարության կողմից. «Փառատոնի բյուջեն կազմում է 12 միլիոն դրամ, իսկ մոմոներկայացումների ձեւաչափը ֆինանսապես եւ ձեռնտու է, եւ հետաքրքիր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829