Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյան. Մրցանակաբաշխությունը խթան կհանդիսանա երիտասարդների համար

Փետրվար 29,2012 16:26

Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Հայկյան մրցանակաբաշխությունը: Այն նպատակ ունի խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և պետական երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:

«Մրցանակաբաշխությունը ստեղծվել է 2002 թվականին ու շարունակվել մինչև 2006 թվականը: Երիտասարդական հիմնադրամն էլ որոշել է վերադարձնել այդ հին ու բարի ավանդույթը: Այն կլինի շարունակական »,- ասում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը: Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի առաջին անգամ մրցանակ է տրվելու  «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» նոմինացիայի հաղթողին:
Մրցանակակիրներին հավաստագրեր ու խորհրդանշական արձանիկներ հանձնեց ՀՀ. վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Համոզված եմ, որ սա խթան կհանդիսանա երիտասարդների համար: Այս մրցանակաբաշխությունը ցույց է տալիս, որ Հայաստանում կան հետաքրքիր երիտասարդական կառույցներ»,-ասաց վարչապետը:

Անվանակարգերը 12-ն էին: 1. «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ» անվանակարգում հաղթող է ճանաչվել՝ ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության «Ես քո սուրն եմ, հայրենի’ք» ծրագիրը, 2. «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» անվանակարգում` ՀՀ. կրթության և գիտության նախարարության «Բոլոնյան 2010-ից հետո» ուսանողական միջազգային ամառային դպրոց» ծրագիրը, 3. «Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց» անվանակարգում` «Կոնրադ Ադենուաեր» գերմանական քաղաքական հիմնադրամը, 4. «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ» անվանակարգում` «Միասին» երիտասարդական շարժման «Շնորհավոր, սիրելի’ մայրեր» նախագիծը, 5. «Լավագույն երիտասարդական հաղորդում» անվանակարգում` «Ազատություն» ռադիոկայանի «Մաքսլիբերթի» երիտասարդական ծրագիրը, 6. «Լավագույն երիտասարդական սոցիալական ծրագիր» անվանակարգում` «Փյունիկ» միության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող «Հանուն հավասար հնարավորությունների» ծրագիրը, 7. «Հայաստանի Հանրապետության մարզերում գործող լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն» անվանակարգում` «Լոռու ուսանողական միավորում» հասարակական կազմակերպությունը, 8. «Երևանում գործող լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն» անվանակարգում` «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությունը, 9. «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգում` Արտյոմ Հովհաննիսյանը` գիտական աշխատանքների վրա միջազգային գիտական պարբերականներում առավելագույն հղումներ ունենալու համար, 10. «Լավագույն միջբուհական ծրագիր» անվանակարգում ` Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի «Հայաստանի շախմատի միջբուհական առաջնություն» ծրագիրը, 11. «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում` Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը, 12. «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար» անվանակարգում` Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Կարեն Ակոպյանը:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829