Անհանգստությամբ եմ վերաբերվում հայկական քաղաքական գործիչներին բնորոշ ցանկացած իրադարձության նկատմամբ ցուցաբերած ծայրահեղ արձագանքներին. նույնիսկ, կամ առավել ևս, եթե այն կապված է մեզ չափազանց հուզող հարցին: Դարերից եկող մի պարզ ճշմարտություն կա` յուրաքանչյուր ծայրահեղություն հղի է անցանկալի հետևանքներով:
Ֆրանսիայի Սահմանադրական Խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտման քրեականացման վերաբերյալ ընդունած որոշումը հարկավոր է սթափ և հանգիստ ընդունել: Զարմանալին հենց այն կլիներ, եթե օրինագիծը արագ և առանց խոչընդոտների կյանքի կոչվեր` հաշվի առնելով առկա իրավիճակը տարածաշրջանում և գերտերությունների այս կամ այն չափով ներգրավվածությունը արդի զարգացումներում:
Ինչքան էլ վիճենք շահի և բարոյականության միջև ընտրության հնարավոր տարբերակների մասին, պարտավոր ենք գիտակցաբար ընդունել իրողությունը, գրագետ վերլուծել այն, անել համապատասխան հետևություններ, շտկել գործողությունների ռազմավարությունը և էլ ավելի իմաստուն և հավասարակշռված քայլերով ներազդել միջազգային քաղաքական զարգացումներին:
Չեմ կիսում նաև նախագահ Սարկոզիի նախընտրական տրամադրություններով պայմանավորված, ոչ անկեղծ լինելու մասին հնչեցրած կարծիքները: Մենք դեռևս հիմքեր և պատճառներ չունենք նրան չհավատալու և չվստահելու: Մեզ արդարացիորեն հուզող խնդիրը հնչեցվեց իր (և ոչ միայն) երկրի ամենաբարձր ամբիոնից` սարսափեցնելով և հիստերիկ խուճապի մեջ գցելով Թուրքիայի ղեկավարությանը՝ իր ոչ ադեկվատ դրսևորումներով:
Ամերիկայի Հայկական Համագումարը տասնամյակներով ապացուցված իրեն բնորոշ հետևողականությամբ, առանց ամպագոռգոռ հայտարարությունների, օգտագործելով ողջ փորձն ու ներուժը, առավել եռանդով շարունակելու է իր ազգանվեր գործունեությունը՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և ժխտողական տրամադրություններն արմատախիլ անելու ուղղությամբ:
Ամերիկայի Հայկական Համագումարի Երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն՝ Արմինա Դարբինյան