Այսօր ամբողջ աշխարհում աղջիկներն են առաջարկություն անում տղամարդկանց, ու եթե որևէ տղա մերժում է աղջկան, ապա պետք է մեկ ֆունտ ստեռլինգ տա և համբուրի աղջկան:
Տոնի վերաբերյալ կարծիքները տարբեր են եւ հարցումներից պարզ դարձավ, որ այն այնքան էլ արմատացած չէ: Տղաների մեծամասնության կարծիքով՝ հայ աղջիկները հաճախ իրենց բարձր են դասում, այդ իսկ պատճառով էլ սեր չեն խոստովանում:
Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը խոստովանում է, որ իր կյանքում շատ դեպքեր են գրանցվել, երբ աղջիկներն են իրեն սիրո խոստովանություններ արել. տոնն էլ համարեց պտղաբեր. «Ես շատ նորմալ եմ համարում եւ ոչ մի տարբերություն չկա նրանում, թե ով է ում առաջարկություն անում: Զգացմունքների մեջ հերթականություն չկա»,-ասում է նա:
Անգլիայում շատ աղջիկներ պատահական անցորդ տղամարդկանց խոստովանություններ են շռայլում, և վերջիններից դրամ կորզում: Իսկ վաստակած գումարով կազմակերպում են խնջույք, որին մասնակցում են միայն իգական սեռի ներկայացուցիչները:
Հարցման արդյունքում աղջիկներ համաձայնվեցին տղաների հետ, ոմանք կարծում են, որ նրանց ասածի մեջ որոշակի ճշմարտության հատիկ կա: «Ես, լինելով հայ աղջիկ, երբեք չեմ անի տղային սիրո առաջարկություն. գուցե գոռոզ եմ կամ հպարտ, չգիտեմ»,- մտորելով ասում է Աննա Գրիգորյանը, ով արդեն գտել է իր երկրորդ կեսին, բայց մինչ այսօր խոստովանություն չի արել. «Նա դա գիտի, ի՞նչ կարիք կա բարձրաձայնելու»,-ասում է նա:
16-ամյա Մարտին Գեւորգյանը ընդունում եւ որեւէ վատ բան դրանում չի տեսնում. «Կան տղաներ, որոնք մտածում են, եթե աղջիկն է սիրո խոստովանություն անում, ուրեմն լավ աղջիկ չի. ես այդպես չեմ կարծում: Աղջիկը պարզապես պետք է մի փոքր լավ ճանաչի տղային, նոր ինչ-որ բան ձեռնարկի, հակառակ պարագայում կարող է լավ չավարտվել»,-ասում է նա:
Տոնի հետաքրքրությունը նրանում է, որ այն նշվում է նահանջ տարիներին, այսինքն 4 տարին մեկ անգամ, և եթե չխոստովանես, ապա այդպիսի հնարավորություն կընձեռնվի քեզ միայն 4 տարի հետո:
Քրիստինա Միրզոյան