Մեդիամաքս: ՆԱՏՕ-ն շնորհակալ է Հայաստանին Աֆղանստանում իր խաղաղապահների թիվը եռապատկելու համար:
Այդ մասին Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում այսօր ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման հարցերով օգնական, դեսպան Հուսեյն Դիրիոզը:
Հուսեյն Դիրիոզը եւ ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետ Ֆրենկ Բոլանդն այսօր Տեղեկատվական կենտրոնում հայ փորձագետների, քաղաքագետների եւ ուսանողների հետ հանդիպում են անցկացրել:
Հուսեյն Դիրիոզը նշել է, որ այսօր ՆԱՏՕ-ի պատվիրակությունն արդյունավետ հանդիպումներ է անցկացրել ՀՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններում:
Խոսելով Հայաստանի հետ համագործակցության գերակա ուղղությունների մասին` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականն առանձնացրել է աջակցությունը պաշտպանական բարեփոխումներին, ռազմական կրթության եւ ՀՀ խաղաղապահ կարողությունների ավելացման հարցերը: