Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը մեկնաբանեց, թե ընտրակաշառքների բաժանման մասին խոսելիս ինչու է հաճախ շոշափվում ՕԵԿ-ի անունը. «Եթե որեւիցե մեկը շոշափում է սա, մենք գնահատում ենք որպես սեւ քարոզչություն: ՕԵԿ-ը երբեք չի արել, չի անում եւ չի էլ անելու: Ես դա բազմիցս ասել եմ: Մեր քաղաքական պայքարը միշտ եղել է բաց, պարզ, ազնիվ: Մենք մեր ձայները հավաքել ենք միշտ մեր համակիրների, կուսակցականների, մեզ աջակցող մարդկանց ձայների շնորհիվ, որոնք կան եւ ավելանում են այսօր»:
Պարոն Շահգելդյանը վստահեցրեց նաեւ, որ կան մարդիկ, որոնք կիսում են գաղափարները, իսկ կուսակցություները առաջին հերթին գաղափարներն են, ծրագրերը եւ ժողովրդի համար աշխատանքը. «Սա են մարդիկ գնահատում, մեզ այլ բան պետք չի եւ սկզբունքորեն մենք դրան չենք գնում եւ երբեք չենք գնա»:
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի` ԵԺԿ-ին անդամակցությանը, ըստ պարոն Շահգելդյանի, իրենց ուշադրության կենտրոնում միշտ եղել է մարդը, եւ ՕԵԿ-ի համար անդամակցությունը մեծ հնարավորություն է տալու` շարունակել այն բարեփոխումները, որոնք իրականացվում են` մեր քաղաքական համակարգի զարգացման, արդիականացման ուղղությամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ