Սյունիքի մարզում այս շրջանում որսացել են 12 գայլ: Գայլերի որսը որսաշրջանի ավարտից հետո էլ թույլատրվում է, սակայն հատուկ դեպքերում, երբ գիշատիչները անհանգստացնում են բնակիչներին, բնակավայր են մտնում կամ վնասում են ընտանի կենդանիներին:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային կառույցի պետ Լեւոն Պետրոսյանի փոխանցմամբ` որսորդները համայնքի ղեկավարի համապատասխան գրությամբ գայլերի մորթիները հանձնել են տարածքային բնապահպանական տեսչությանը: Դրանք մայրաքաղաք տեղափոխելուց հետո՝ առաջիկա 10 օրերին գայլ որսացած որսորդներին կտրամադրվեն նախատեսված 100-հազարական դրամ գումարները:
Անցած տարի մարզում 14 գայլի որս էր արձանագրվել: Այս տարի գայլերն անհանգստացնում էին հիմնականում Կապանի, Սիսիանի եւ Մեղրու տարածաշրջաններին: Միայն Մեղրու Լիճք գյուղում 4 գայլ են որսացել այս շրջանում:
Սիսիանի Շաղատ գյուղում, գյուղապետ Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ, գայլերն այս տարի ընտանի կենդանիներին վնաս չեն տվել, քանի որ գոմում փակի տակ են եղել: Բայց վերջին 10-15 օրերին 4 կամ 2 հոգուց բաղկացած գայլերի խումբը գյուղամեջում գիշերվա ժամերին ազատ տեղաշարժվում էին: Այդ մասին տեղեկացրել եւ օգնության ակնկալիքով տեղյակ էր պահել որսորդմիության նախագահին:
Գյուղում նախորդ տարիներին շատ էին դեպքերը, երբ գայլերը հարձակվում եւ վնասում էին գյուղի խոշոր եւ մանր եղջերավոր անասուններին, ընտանի թռչուններին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ