Այս տարվա հունվարի 1-ից կառավարության որոշմամբ բոլոր պետական ծառայողներին կտրամադրվի սոցիալական փաթեթ՝ 132 հազար դրամի չափով:
Այդ գումարի սահմաններում պետական ծառայողը կստանա 52 հազար դրամի բժշկական ապահովագրություն, մնացած գումարն էլ կարող է օգտագործել հիփոթեքային վարկի ամսական մարման, ուսման վարձի կամ հանգստի համար՝ ՀՀ-ում եւ Լեռնային Ղարաբաղում:
Այսօր «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցի մամուլի սրահում «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության պատասխանատուներն առավել մանրամասն ներկայացրին, թե կոնկրետ ինչ բուժօգնությունից կարող են մարդիկ օգտվել: Ըստ ընկերության Անձնական ապահովագրության գծով վաճառքի բաժնի ղեկավար Արմինե Բադալյանի, պարտադիր պայման է, որպեսզի պետական ծառայողն օգտվի բժշկական ապահովագրությունից, հակառակ դեպքում մնացած ծառայություններից չի կարող օգտվել:
Ըստ «Ռոսգոսստրախ Արմենիայի» պատասխանատուների, մարդն իրավունք ունի ողջ՝ 132 հազար դրամն էլ ուղղել իր առողջությանը: Բացի պետական ծառայողներից, կարող են ապահովագրվել նաեւ նրանց ընտանիքի անդամները: Բազային փաթեթի մեջ մտնում են բոլոր այն բժշկական ծառայությունները, որոնք ստանում են ստացիոնար բուժման ժամանակ: Այրվածքների, կոտրվածքների, ցրտահարության եւ առողջական այլ խնդիրներ ունենալու դեպքում կարող են դիմել:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե «Ռոսգոսստրախ Արմենիան» բուժօգնություն ստանալու ժամանակահատվածում իր հաճախորդներին «ապահովագրո՞ւմ» է նաեւ «սանիտարկաների», բուժքույրերի դրամաշորթությունից, Արմինե Բադալյանն ասաց, որ իրենք սկզբից մինչեւ վերջ իրենց հաճախորդի կողքին են լինում եւ նման բողոք արձանագրելու դեպքում անմիջապես համապատասխան միջոցներ են ձեռնարկում:
Մեր այն հարցին էլ, թե կա՞ արդեն վիճակագրություն, թե քանի՞ պետական ծառայող է ցանկացել «Ռոսգոսստրախ Արմենիայից» ապահովագրության իր փաթեթը ստանալ, Արմինե Բադալյանն ասաց, որ ներկայումս նման ամփոփ տվյալներ չունեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ