ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր «Ուրբաթ» ակումբում կարծիք հայտնեց, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից երեկ հակասահմանադրական ճանաչված ցեղասպանության օրինագիծը Թուրքիայի սպառնալիքների արդյունք էր:
Նա հակված չէ մտածել, որ Սահմանադրական խորհրդի որոշումը Ֆրանսիայի իշխանությունների կողմից նախամտածված քայլ էր. «Թուրքիային սիրաշահելու– չսիրաշահելու, նեղացնելու–չնեղացնելու հարց էր , համենայնդեպս, քաղաքական խաղ կամ նախամտածված քայլ չէր: Իհարկե, կա նման վարկած, բայց այն մի քիչ չափազանցրած է: Մեր Ազգային ժողովը 12 ժամ չքննարկեց այդ հարցը, Ֆրանսիայի երկու պալատները ավելի քան 12 ժամ քննարկեցին, որ խաղան, այդքան էլ հավանական չեմ համարում»:
Հակասահմանադրական ճանաչելու որոշումը փակ քվեարկությամբ է կատարվել, որին 11 անդամներից 8- ն է մասնակցել. «Որոշումն այնքան էլ անբիծ չէ: Թուրքական սպառնալիքներն ու քաղաքական ճնշումները իրենց արդյունքը տվեցին: Փետրվարն այնքան էլ լավ ամիս չէր՝ մեր խնդիրների իրավական երեսը հաշվի առնելով, բայց նաեւ Կալիֆոռնիայի վերաքննիչ 9-րդ ատյանի հետ խնդիր կունենանք, որը եւս հակասահմանադրական կհամարի Կալիֆոռնիայի նահանգի այն որոշումը, որի հիման վրա դատական գործեր էին հարուցվել, 2-ն արդեն ավարտվել են»:
Պարոն Մանոյանի խոսքերով, ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հնարավորություն էր տալիս ցեղասպանության ժառանգներին այն ժամանակ գործող ապահովագրական ընկերությունների իրավահաջորդների դեմ դատական գործ հարուցել: Նա հիշեցրեց, որ երկու գործ արդեն հարուցվել էր:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է երեկ կառավարությանը Սարկոզիի տված հանձնարարությանը` նոր օրինագիծ մշակելու մասով, պարոն Մանոյանը դա համարեց բարի կամքի դրսեւորում : Բայց պարոն Մանոյանը կարծում է, որ նույնիսկ եթե Սարկոզին վերընտրվի որպես նախագահ, էլի չի հասցնի այդ օրինագիծն իր ավարտին հասցնել. «Իր ներկա լիազորությունների ժամկետներում չի հասցնի այն ավարտին հասցնել: Սա նոր գործընթաց է ու պետք է սկսվի Ազգային ժողովից, կարելի է նաեւ Սենատից: Միշտ էլ կարելի է արտահերթ ժողով հրավիրել, բայց չեմ կարծում այս այն հարցն է, որ կարելի է արտահերթ ժողով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ