Այսօր՝ փետրվարի 29-ին, պարգևատրման արարողություն տեղի ունեցավ Երևանում։ Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը 50 հազարական դրամ պարգևավճար հանձնեց ԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզի մի խումբ հրշեջ փրկարարների։ Փրկարարներն այս տարվա փետրվարի 21-ին, ժամը 14։56-ին ահազանգով մեկնել էին Արագածոտնի մարզի Ճարճակիս, Ալագյազ գյուղերի ճանապարհահատված, որտեղ ձնակույտի մեջ էր մնացել թրթուռավոր տրակտորը՝ երեք ուղևորներով։ Ուղևորներից մեկը երիտասարդ աղջիկ էր՝ հղի վիճակում, որի մոտ առողջական խնդիրներ էին առաջացել։ Փրկարարներն այդ աղջկան՝ 20-ամյա Գյուլնարա Սարոյանին պատգարակով 3-4 կմ տեղափոխել էին Ապարանի քաղաքային հիվանդանոց, որտեղից էլ 20-ամյա աղջիկը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն։
ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով՝ այսօր նաեւ դիպլոմով պարգևատրվել է Երևան քաղաքի փրկարարական վարչությունը՝ վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը և Երևանի թիվ 4 հրշեջ փրկարարական ջոկատը՝ հրամանատար, կապիտան Համլետ Ամիրջանյանը։
Արագածոտնի մարզի փրկարարներին 40 հազարական դրամ իր կողմից որպես պարգևատրում հանձնեց նաեւ իրանահայ գործարար Ռոլանդ Դանիելյանը, որը փրկարարների կատարած աշխատանքի մասին իմանալուց հետո ցանկացել էր նվիրատվություն կատարել։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ