«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին այսօր «Կոնգրես» հյուրանոցում ընդունեցին ոչ թե «աղ ու հացով», այլ` ՕԵԿ-ի նոր խորհրդանիշով: Այն փոխվել է ԵԺԿ-ին ՕԵԿ-ի անդամակցությունից հետո: Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ անդամներին խոստացավ, որ ըստ այդմ շուտով կփոխվեն նաեւ իրենց տարբերանշանները: ՕԵԿ-ի նոր խորհրդանիշը կուսակցության գլխավերեւում եռագույնն է եւ եվրոպական ընտանիքի մասին հիշեցնող 7 աստղ:
Aravot.am-ը ՕԵԿ անդամներից հետաքրքրվեց` այդ 7 աստղը ի՞նչ է նշանակում, որ ՕԵԿ-ը «7 աստղանի» կուսակցությո՞ւն է: ՕԵԿ անդամներից մեկը` Պարույր Մանուկյանը պատասխանեց, որ նոր խորհրդանշանը իրեն շատ է դուր գալիս եւ այդ աստղերը պարզապես համահունչ են ԵԺԿ-ի սիմվոլին, հիշեցնում է մեր անդամակցության մասին»:
Արթուր Բաղդասարյանն իր ելույթում անընդհատ արժանանում էր կուսակիցների ծափողջույններին. «Անկախ մեր չարախոսների մոտեցումներին՝ ՕԵԿ–ը 200 օրենք է հեղինակել, ՕԵԿ–ի թիկունքում վիթխարի աշխատանք կա կատարած: Չկա որեւիցե մի գյուղ, որտեղ չլինի ՕԵԿ–ի լայնածավալ ներկայություն: Յուրաքանչյուր ընտրություններից առաջ սեւ քարոզչություն է հնչում «Օրինաց երկրի» հասցեին, նույնիսկ 2008-ին, երբ ես նախագահի թեկնածու էի առաջադրվել, ասում էին` Արթուր Բաղդասարյանը 1% է հավաքելու: Բայց ես հավաքեցի մոտ 20%: Սկսած 1999-ից՝ յուրաքանչյուր ընտրությունից առաջ մեր քաղաքական ընդդիմախոսները, փոխանակ խոսելու իրենց խնդիրների մասին, խոսում էին ՕԵԿ–ի դեմ եւ նորից ասում, որ ՕԵԿ–ը 1 կամ 2% է հավաքելու, բայց մեր անցած 15-ամյա կենսագրությունը ցույց է տվել, որ ՕԵԿ–ը միշտ հաղթել է բոլոր խորհրդարանական ընտրություններում եւ շատ լուրջ հաղթանակ է ունենալու նաեւ մայիսին»:
Պարոն Բաղդասարյանը նաեւ տեղեկացրեց, որ ՕԵԿ շարքերում այսօրվա դրությամբ անդամագրվել է շուրջ 150 հազար ՀՀ քաղաքացի, եւ նրանց թիվը գնալով ավելանում է:
Կարդացեք նաև
ՕԵԿ-ը նաեւ ընդունելություն էր կազմակերպել, որի ժամանակ հրավիրված դեսպանները, հյուրերը, կոնյակ, գինի, շամպայն էին խմում ու շնորհավորում Արթուր Բաղդասարյանին: Մենք պարզեցինք, որ հյուրերին մատուցվող կոնյակը, գինին «Հայասի» չէր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ