Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսովցիները տպավորված են Չինաստանով

Փետրվար 29,2012 14:05

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) ուսանողներ Ռոբերտ Ծատուրյանը եւ Աննա Հովհաննիսյանը վերջերս են վերադարձել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից: Երիտասարդները հնարավորություն էին ստացել մեկնել այդ երկիր իրենց բուհի միջոցով: Վերջինիս ստորաբաժանումներից է Կոնֆուցիուսի ինստիտուտը, որը 2009-ին ստեղծվել է ՀՀ եւ Չինաստանի կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակներում ու միակն է տարածաշրջանում:

«Չինաստանը շատ եմ սիրում, դրա համար էլ որոշեցի չինարեն սովորել եւ  տեղեկացա, որ հենց իմ համալսարանին կից կա Կոնֆուցիուսի ինստիտուտ: Մի քանի ամիս լեզու սովորելով՝ որոշեցի մասնակցել ամառային դպրոցին եւ չինարենի որակավորման քննություն հանձնեցի: Այդպես ստացա Չինաստան մեկնելու հնարավորություն»,- պատմում է Աննան: Չնայած ուսանողները Չինաստանում անցկացրել են մեկ ամիս, բայց շատ տպավորված են այդ արագ զարգացող գեղեցիկ եւ էկզոտիկ երկրով: «Չինաստանն ասես երջանիկ հասարակության երկիր լինի: Նկատել ենք՝ այնտեղ նույնիսկ հավաքարարը գոհ է իր աշխատանքից ու երջանիկ դեմքով է անում այն: Չինացիները ժպիտով էլ վերաբերվում էին մեզ՝ օտարերկրացիներիս»,- ասում է Ռոբերտը:

«Սկզբնական շրջանում դժվար էր հարմարվել. մեզ զգում էինք այլ մոլորակում: Ուղղակի շոկային վիճակում էինք.  մարդիկ ուրիշ էին, մշակույթն ու մտածելակերպը խիստ տարբեր: Բայց ամեն ինչ հետաքրքիր էր, որովհետեւ չինացիները բարեհամբույր են եւ հարազատի պես են ընդունում օտարերկրացիներին»,- հիշում է Աննան: Ուսանողները փաստում են, որ Չինաստանում երիտասարդների համար հեշտ է կայանալը, նույնիսկ արտասահմանցիները «աճի» տեղ ունեն այդ երկրում: Ռոբերտը, որ այս տարի է բանակից վերադարձել եւ հիմա ուսման ծախսերը հոգում են ծնողները, մտադիր է առաջիկայում մեկնել Չինաստան՝ բարեկեցիկ ապագայի ակնկալիքով:

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829