Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազգային անվտանգության ծառայության «գաղտնի» փաստաթղթով մերժվեց հայցը

Փետրվար 29,2012 13:49

Հացպանյանին ասացին՝ հայրենիքից հեռացիր

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, դատավոր Ռ. Սարգսյանի նախագահությամբ, նախորդ օրն ավարտեց Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի հայցի քննությունը: Այն վարույթ էր ընդունվել անցյալ տարվա սեպտեմբերի 20-ին:

Այս գործով պատասխանող էր ճանաչվել ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը, որը ներկայացնում էր Արմեն Հակոբյանը:

Սարգիս Հացպանյանը պահանջում էր «Օտարերկրացուն ՀՀ֊ում կացության կարգավիճակ տրամադրելու մերժման վերաբերյալ» 19.07.2011թ. որոշումը եւ իրեն՝ հայրենիքում տալ կացության կարգավիճակ:

Ս. Հացպանյանը հայտնել էր, որ հանդիսանալով Ֆրանսիայի քաղաքացի, դեռ անցյալ տարվա հունիսի 22-ին ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն է ներկայացրել դիմում, որով խնդրել է Հայաստանում իրեն տրամադրել կացության ժամանակավոր կարգավիճակ։ ՀՀ կառավարության 2008թ. թիվ 134-Ն որոշման պահանջների համաձայն՝ կացության կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ համաձայնեցման։

Սակայն ազգային անվտանգության ծառայությունից ստացվել է առարկության վերաբերյալ տեղեկատվություն։

Նշվածը հիմք ընդունելով՝ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության որոշմամբ, Հացպանյանին մերժել էին, ինչը պատճառ էր դարձել, որպեսզի նա դիմի դատարան:

Ս. Հացպանյանը գտնում էր, որ խախտվել է ՀՀ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը: Խոսքն այն մասին է, որ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող որոշում է, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ, որը վարչական մարմինն ընդունում է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով: Այն պետք է ուղղված լինի քաղաքացիների իրավունքների եւ պարտականությունների սահմանմանը, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն։

Ըստ Ս. Հացպանյանի հակափաստարկների. «վիճարկվող որոշումը միջամտող վարչական ակտ է, քանի որ դրանով մերժվել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված՝ ժամանակավոր կացության կարգավիճակ տալը»։

Ս. Հացպանյանին ի վերջո պարզ չէր, թե ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը ինչո՞ւ է կայացրել նման որոշում եւ կարծում էր, որ վարչական մարմինը պետք է ոչ միայն նշի այն փաստը, որի հիման վրա կայացրել է նման որոշումը, այլ նշի որոշումը կայացնելու իրավական հիմքերը, գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, այդ թվում՝ հայցվոր Հացպանյանի օգտին առկա հանգամանքները: «Արդյո՞ք ես ունեմ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-բդ հոդվածով սահմանված՝ ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու իրավունք»,- հարցնում է ազատամարտիկ, հայազգի Սարգիս Հացպանյանը: Ի դեպ, ՀՀ ոստիկանության վերոնշյալ վարչությունը վկայակոչել էր միայն ազգային անվտանգության ծառայության առարկությունը եւ «չէր բացել» դրա բովանդակությունը: Հայցվոր կողմի համար սա էլ լուրջ խախտում է, քանի որ. «Վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ի՞նչ իրավունք է տրամադրվում, իր ո՞ր իրավունքն է սահմանափակվում, իրեն ի՞նչ իրավունքից են զրկում կամ՝ իր վրա ինչ պարտականություն է դրվում»։

Պատասխանողն ասաց, որ ղեկավարվել է ՀՀ կառավարության թիվ 134-Ն որոշմամբ հաստատված պահանջներով, օտարերկրացուն՝ Ֆրանսիայի քաղաքացի Ս. Հացպանյանին, Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակ տալու հարցը համաձայնեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հետ՝ գրավոր եղանակով, ազգային անվտանգության ծառայություն ուղարկելով օտարերկրացու անձնագրի եւ դիմում-հարցաթերթիկի պատճենները։

Ազգային անվտանգության ծառայությունը Ս. Հացպանյանին կացության կարգավիճակ տալու հարցի վերաբերյալ 7-օրյա ժամկետում անձնագրային եւ վիզաների վարչություն է ներկայացրել իր առարկության վերաբերյալ տեղեկատվություն: Պարզվեց, որ այդ փաստաթուղթն իր գաղտնիության աստիճանով դասակարգվում է «Գաղտնի» փաստաթղթերի շարքին (Ի դեպ, դրա բովանդակության անհայտ մնալն անգամ հասցեատիրոջից լուրջ մտորումների տեղիք է տալիս: Այդպիսի «գաղտնի» փաստաթղթերով կարող են մտնել դատարաններ եւ յուրաքանչյուրի նկատմամբ դատական ակտ «ձեռք բերել»):

Մինչդեռ, «Օտարերկացիների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի «ե» կետի համաձայն՝ օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ եւ հիմնավորված սպառնալիքներ։ Եթե Հացպանյանի կողմից կան նման սպառնալիքներ՝ հասարակությանը իրազեկեք: Չէ՞ որ պետության դեմ սպառնալիք ասվածը առաջին հերթին հասարակության դեմ ուղղված սպառնալիք է Ինչի՞ն էիք սպասում, եթե նման բան եղել է կամ՝ կա:

Դատարանը մերժեց Սարգիս Հացպանյանի հայցը՝ փաստելով. «Տվյալ դեպքում, պատասխանողը վիճարկվող որոշման հիմքում դրել է այլ վարչական մարմնի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական ակտերը, որոնք չեն վիճարկվում, չի հաստատվել դրանց առ ոչինչ լինելը, չեն ճանաչվել ոչ իրավաչափ՝ անվավեր, չեն կորցրել իրենց ուժը, հետեւաբար յուրաքանչյուր ոք, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն, պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության գրություններն ընդունվել են ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով վերջինիս լիազորությունների շրջանակում, ուստի այդ գրությունները իրավաչափ վարչական ակտ են»:

Ինչ է սպասվում Սարգիս Հացպանյանին, որն 90-ականներից Հայաստանում է, Արցախում, մասնակցել է մեր ազատամարտին, բնակվում է այստեղ, կազմել է ընտանիք, ունի երեխաներ, որոնք դպրոց են հաճախում, այս ամենով հանդերձ՝ պատերազմից ու հայրենիքի անկախացումից հետո չունի կարգավիճակ եւ այլեւս «սպառնալիք» է Հայաստան պետության հասարակական կարգին:

«Դատարանի կայացրած վճռով ինձ ասացին՝ հեռացիր հայրենիքից»,- հուզված ասում է Սարգիս Հացպանյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829