Հայաստանը ներկայացնող 8 թիմ մասնակցեց ձմեռային պայմաններում արտաճանապարհային մեքենաների վարման «Բակուրիանի 2012» միջազգային մրցույթին՝ փետրվարի 24-ից 26-ը: Վրացական Բակուրիանի բնակավայրում Jeep-Trial դասի ավտոմոբիլային մրցումներն անցկացվեցին Standart, Extreme եւ Monster անվանակարգերում:
Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցեց 38 թիմ՝ Հայաստանից, Ավստրիայից, Ադրբեջանից, Վրաստանից եւ Թուրքիայից: Հայաստանյան թիմերը մասնակցեցին այս մրցույթին էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի եւ «ԱրմենՏել» (ապրանքանիշը Beeline) ընկերության աջակցության շնորհիվ: Standart անվանակարգում առաջին տեղը գրավեց Գարի Գասպարյանը, որը հանդես եկավ Mitsubishi Pajero 3 մեքենայով: Extreme դասում լավագույն վարորդը Հայաստանից Լյուդվիգ Երմազյանն էր, որը այս մրցույթին մասնակցեց Jeep Wrangler մակնիշի մեքենայով՝ 24 թիմերի մեջ գրավելով չորրորդ տեղը: Մնացած բոլոր մրցանակային տեղերը գրավեցին Վրաստանի թիմերը:
«Jeep-Trial դասի մրցույթները դժվար փորձություն են ոչ միայն մարդկանց, այլ նաեւ մեքենաների համար: Հաշվի առնելով այս ամենը, կարելի է ասել, որ մեր ավտոսիրահարների «հավաքականը» ցուցաբերեց մեծ վարպետություն ինչպես մեքենաների վարման, այնպես էլ մրցույթին մասնակցելու նախապատրաստական աշխատանքներում»,- նշեց «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:
«Սա մեր վարորդների առաջին հաջողությունն է նման մասշտաբի միջազգային մրցույթում: Ես շատ ուրախ եմ, որ մեր աջակցությամբ «Ադրենալին» ասոցիացիան կատարեց եւս մեկ լուրջ քայլ միջազգային ասպարեզում հայ մարզիկների դիրքի ամրապնդման գործում»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ 2012թ.-ին «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրենն ընտրվել է «Ադրենալին» էքստրեմալ սպորտի ասոցիացիայի պատվավոր նախագահ: Jeep-Trial՝ ավտոմոբիլային մրցում է բնական եւ արհեստական խոչընդոտներով ճանապարհի վրա: Այս մրցությունը կարող է անցկացվել Standart, Extreme եւ Monster անվանակարգերում:
«Առավոտ» օրաթերթ