Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ-ում օրենսդրական փաթեթների կռիվ էր

Փետրվար 29,2012 13:36

Դրանցից մեկը ներկայացրել էր իշխանությունը, մյուսը՝ ընդդիմությունը: Երկուսի քննարկումների եզրահանգումն էլ, ըստ էության, այն էր, որ իշխանություններն ուզում են վերարտադրվել:

Հայրենի խորհրդարանը երեկ քննարկեց երկու կարեւորագույն օրինագծեր՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքներում լրացում կատարելու մասին օրինագծերը, որոնք մեկ փաթեթով ներկայացրել էր ՀՀ կառավարությունը, ու նաեւ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների նախաձեռնությամբ, որպես հրատապ հարց, օրակարգ մտած «ՀՀ ընտրական օրենսգրքում», «ԱԺ կանոնակարգ», նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Այս երկու փաթեթները, ըստ էության, մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն էին եթե ոչ իրավական, ապա՝ քաղաքական հարթությունում: Ի դեպ, դրա մասին իր ելույթներից մեկում ավելի ուշ ակնարկեց նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քննարկումը մեկնարկել էր դեռ երկուշաբթի օրը, բայց երեկ էլ օրենսդիրները բուռն բանավիճում էին դրա սահմանադրական լինելու եւ ընդհանրապես կառավարության կողմից ներկայացված տեսքով ընդունելու նպատակահարմարության շուրջ: Հիշեցնենք, որ օրինագծի ամենավիճահարույց դրույթը վերաբերում է բանակի զինուժն ու ռեսուրսները ներքաղաքական գործընթացներին ներգրավելուն: Ի դեպ, օրինագծի մի շարք դրույթներ հակասահմանադրական գնահատեցին ոչ միայն խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այլեւ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը, որի դիտարկմամբ՝ «հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումը կամ արգելումը չի կարող իրականացվել Զինված ուժերի միջոցով»: 2008թ. «մարտիմեկյան» դեպքերի եւ հատկապես 4 տարի առաջ երկրում արտակարգ դրություն մտցնելու Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությունը կրծքով պաշտպանած, այն ժամանակ դեռ ԱԺ նախագահ, Տ. Թորոսյանի այս ելույթը հարուցեց «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանի տարակուսանքը: Այսուհանդերձ, նրա ելույթի հիմնական առանցքն այն էր, որ այս օրինագիծը ուղղակի կապ ունի ԱԺ առաջիկա ընտրությունների հետ: Նա հիշեցրեց մարտիմեկյան դեպքերի ժամանակ բանակի ներգրավվածությունը եւ, որպես այդ իրադարձությունների մասնակից, հայտարարեց, որ եթե այս օրենքը գործեր 4 տարի առաջ, միեւնույն է՝ ոչինչ չէր փոխվի. «Ոչինչ էլ այս օրենքը չի լավացնելու, եթե իշխանությունները փորձեն մեկ անգամ էլ կրկնել «Մարտի 1»-ը: Զինված ուժերը էլի մտնելու են՝ ինչպես մտան, ԶԼՄ-ները փակվելու են՝ ինչպես փակվեցին, լինելու է մի դժոխային վիճակ, Աստված մի արասցե՝ լինելու է մարդասպանություն, եւ այս օրենքը չի օգնելու, որպեսզի «մարտիմեկերը» չկրկնվեն»: Պատգամավորը մեջբերեց Դ. Հարությունյանի այն հայտարարությունը, թե՝ օրինագծի 24-ժամյա ռեժիմով քննարկումը պայմանավորված է մոտեցող ընտրություններով: «Այս օրենքը շատ վատ նախանշան, հուշում է, մանավանդ, երբ կարդում ես դրա ակնկալվող արդյունքը՝ «ակնկալվում է հստակ նախատեսել այս հասկացությունը՝ նախատեսելով, որ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, երբ հանրապետությունում սահմանադրական կարգին անմիջական վտանգ է սպառնում, ներառյալ՝ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը գրավելու փորձը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները»: Ինչո՞ւ պիտի լինեն այս երեւույթները մեր երկրում, ինչո՞ւ ենք պատրաստվում այս անկարգություններին, եթե իշխանությունն իր տեղում է, եթե իշխանությունն ապահովում է մեր քաղաքացիների արդար իրավունքները, բոլորի համար հավասարապես կիրառում է օրենքները, ինչո՞ւ ենք պատրաստվում այս խժդժություններին, զանգվածային անկարգություններին: Իշխանությունը փոխանակ այս օրինագիծը բերելու եւ պատրաստվելու ընտրություններին՝ թող պատրաստվի ընտրություններին, այն իմաստով, որ ապահովի մեր քաղաքացիների չընդվզելու ցանկությունը»,- հավելեց Անահիտ Բախշյանը:

«Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները հայտարարեցին, թե դեմ են այս օրինագծին, իսկ ՀՅԴ ներկայացուցիչն էլ անընդունելի համարելով օրինագծի ընդունումը՝ խոստացավ փոփոխությունների փաթեթ ներկայացնել:

Ապա խորհրդարանն անցավ ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ օրենսդրական փաթեթի քննարկմանը, որի գլխավոր զեկուցողը «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն էր: Այս քննարկումների ընթացքում ուշագրավ էր օրինագծի հարակից զեկուցող, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի ելույթի այն հատվածը, որտեղ վերջինս որպես մեծամասնական համակարգի առավելություն՝ շեշտեց, թե «ամենակարեւոր փաստարկն այն է, որ մեծամասնական ընտրությունների արդյունքում, որպես կանոն, հաղթում են այն անձինք, ովքեր ներկայացնում են ձեւավորվող իշխող կուսակցությունը։ Բնականաբար, մեծամասնական մոդելը հնարավորություն է՝ ստեղծելու կայուն մեծամասնություն խորհրդարանում»։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր խոսքում արձագանքելով սրան՝ ասաց, թե դա ինքնախոստովանություն է։ «Երբեւէ առանց արյունալի բախումների իշխանություն չի փոխվում, եւ ձեր հայտարարությունները, թե՝ մի օր էլ դուք իշխանություն կդառնաք (իր ելույթում ընդդիմախոսներին ուղղված նաեւ այդպիսի հայտարարություն էր արել Դավիթ Հարությունյանը- խմբ.), այն օպերայից է, որը պետք չէ այստեղ հնչեցնել»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը՝ հավելելով, թե շատ կասկածում է, որ անգամ մեծամասնական ընտրակարգը կարող է ապահովել իշխանության կայունությունը, «որովհետեւ եթե մեծամասնական ընտրակարգով այդ կայունությունն ապահովեիք՝ նախորդ օրենքը չէր բերվի»: Ակնարկը վերաբերում էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծին:

Ի դեպ, ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու օրենսդրական փաթեթը քվեարկության է դրվելու այսօր: Հիշեցնենք, որ օրինագծին, բնականաբար, «կողմ» են քվեարկելու ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները, ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը՝ դեմ, իսկ ահա ԲՀԿ-ն, որտեղ տեսակետները տարբեր են, կքվեարկի ազատ ռեժիմով, ինչպես խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էր առաջարկել՝ յուրաքանչյուրն իր խղճի մտոք:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829