Ասում է ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը
– Մենք սովոր ենք ասել, որ ամեն անգամ, երբ Հայաստանում, Ադրբեջանում կամ Արցախում սպասվում են համապետական ընտրություններ, ղարաբաղյան հարցի կարգավորման ընթացքը մի տեսակ պասիվանում է: Արդյոք շարքային ղարաբաղցին զգո՞ւմ է, որ ինչ-որ պահից հարցի կարգավորումը լարվածության շրջան է մտնում, կամ հակառակը՝ ղարաբաղցիները այս ամենով չեն էլ մտահոգվում եւ հանգիստ ապրում են իրենց երկրում:
– Ասեմ, որ ընտրություններ են սպասվում ոչ միայն Հայաստանում եւ Արցախում, այլեւ համանախագահող երկրներում: Իսկ արցախցին, իհարկե, մտահոգված է ՀՀ ընտրություններով՝ դա կլինի խորհրդարանական, թե նախագահական: Երբ ընտրությունները կավարտվեն, եւ խորհրդարան մտնող ուժերը մեկը մյուսին կշնորհավորեն եւ կընդունեն, որ ՀՀ-ում ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքներին եւ ՀՀ «Ընտրական օրենսգրքին» համապատասխան, այ, սա կլինի մեր բոլորի հաղթանակը: Մենք մտահոգված ենք դրանով: Իսկ Արցախի հարցը արցախցիները լուծել են եւ ռազմի դաշտում, եւ 1991-ի դեկտեմբերի 10-ի շատ օրինակելի հանրաքվեում. մեր ժողովրդի 99,99 տոկոսը «այո» է ասել իր անկախությանը, մինչ այդ՝ սեպտեմբերի 2-ին, հռչակել է իր անկախությունը: Մենք համոզված ենք, որ մեր հարցը լուծել ենք, արցախցիները այդպես են մտածում, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ապա դրանցով մեր հայրենակիցները Երեւանում ավելի շատ են մտահոգվում, քան արցախցիները: Որովհետեւ այսօրվա արցախցի գյուղացին ավելի շատ մտահոգված է եղանակից, կարկուտից, քան նրանց ռազմատենչ հայտարարություններից: Արցախն անկախ Ադրբեջանի կազմում չի եղել եւ չի էլ լինելու: Ինչքան շուտ Ադրբեջանում հասկանան, որ բանակցային գործընթացի այս ֆորմատով հարցը չի լուծվի, այնքան իրենց համար լավ: Իհարկե, մենք ողջունում ենք Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպումները, բայց միշտ էլ արձանագրել ենք, որ եթե հիմնարար փաստաթուղթը ստացվի առանց ԼՂՀ իշխանությունների, դատապարտված է չիրագործվելու, մնալու է սոսկ թուղթ:
– Երբ դուք կողքից եք նայում Հայաստանի այս մասին, ինչպե՞ս եք տեսնում ներքաղաքական իրավիճակը մեր երկրում: Այսօր իշխանությունները շատ են ասում, որ պատրաստակամ են ժողովրդավար, ազատ եւ նորմալ ընտրություններ անցկացնել, ընդդիմությունը կարծես թե չի հավատում, Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն է իրավիճակը այստեղ:
Կարդացեք նաև
– Համոզված եմ, որ 2012-ի մայիսին ՀՀ-ում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները՝ եւ կազմակերպչական, եւ թափանցիկության, եւ ժողովրդավարության առումով, մեկ քայլ ավելի առաջ են լինելու նախորդ ընտրություններից: Սա իմ անձնական կարծիքն է: Եթե ուշադրություն եք դարձնում՝ եւ ԼՂՀ-ում, եւ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները հետզհետե ավելի լավ են անցնում եւ նախորդի համեմատ մեկ քայլ առաջ են լինում: Չեմ կարող չասել, որ մենք Արցախում շատ ավելի օրինակելի ընտրություններ ենք անցկացնում: Սա ես ասում եմ ոչ որպես ԱԺ փոխնախագահ, սա բազմաթիվ դիտորդների դիտարկումների եւ նրանց կողմից կազմված արձանագրությունների եզրակացությունն է: Դիտորդները միշտ էլ արձանագրել են փաստը, որ իրականում Արցախում անցկացվում են ժողովրդավարության եւ օրենքին համապատասխանող ընտրություններ:
– Իսկ ինչպե՞ս է լինում, որ դա Ձեզ մոտ ստացվում է, արդյոք դուք թո՞ւյլ ընդդիմություն ունեք, թե՞ կա այլ պատճառ:
– Ես միշտ ասել եմ, որ ամենամեծ ընդդիմությունը ունի Արցախի ժողովուրդը՝ հանձին Ադրբեջանի: Իհարկե, Արցախում կան կուսակցություններ եւ գործիչներ, որոնք երկրի տնտեսության զարգացման վերաբերյալ ունեն բոլորովին այլ տեսակետ: Ձեզ ի՞նչ է թվում՝ եթե կոմունիստական կուսակցությունը չի հաղթահարել ընտրական շեմը, մոտ հազարից չափ ձայն էր պակասում, այդ դեպքում ի՞նչ անեին «Ազատ հայրենիքը», ԱԺԿ-ն կամ Դաշնակցությունը, ի՞նչ անեին, խախտեի՞ն, այդ պակասող ձայները տային, որ կոմունիստ ունենային խորհրդարանում՝ միայն ասելու համար, որ ընդդիմություն եւս կա: Ո՞րը կլիներ ճիշտը: Իհարկե, մենք բոլորս սպասում էինք, որ կոմունիստները կհաղթահարեն շեմը, բայց մենք էլ զարմացանք, որ չհաղթահարեցին, որովհետեւ նրանց առաջնորդն ազատ էր, սուր ելույթներ էր ունենում, աջից ու ձախից քննադատում էր:
– Առաջիկայում, կարծեմ՝ հուլիսին, ԼՂՀ-ում եւս սպասվում են նախագահական ընտրություններ, ի՞նչ մթնոլորտ է տիրում, կլինե՞ն այլ թեկնածուներ:
– Թեկնածուներ կլինեն միանշանակ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, երկրի վարչապետ Արա Հարությունյանն արդեն հայտարարել է, որ եթե գործող նախագահ Բակո Սահակյանն առաջադրվի, իր կուսակցությունը նրան է սատարելու: Մենք ձգտում ենք, որ ընտրությունները լինեն ոչ թե անձերի, այլ ծրագրերի պայքար: Արդեն Էդուարդ Աղաբեկյանը հայտարարել է, որ առաջադրվելու է, կարծում եմ՝ կառաջադրվի նաեւ կոմկուսի առաջնորդը, նա միշտ էլ մասնակցում է, եւ սխալ կլինի, որ չմասնակցի: Սա իմ անձնական կարծիքն է: Ժամկետից առաջ չընկնենք, շատ շուտով ամեն ինչ պարզ կլինի:
– Հայկական բանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցող դեպքերը, զոհերը արդյոք չե՞ն ազդում Արցախի պաշտպանական ոգու վրա, չե՞ն կոտրում մարդկանց:
– Մեր զինվորների ոգին բարձր է ցանկացած իրավիճակում: Ցավոք, լինում են դեպքեր նաեւ խաղաղ պայմաններում, եւ, իհարկե, ինչ-որ հիմա կասեմ, ոչ մեկին չի մխիթարում, բայց գաղտնիք չէ, որ միշտ էլ՝ եւ խորհրդային տարիներին, եւ հրադադարի մասին պայմանագրի կնքումից անմիջապես հետո՝ խաղաղ պայմաններում, զոհեր եղել են եւ լինում են: Նայեք թվերը, միշտ էլ եղել են, բայց, չգիտես ինչու, նախկինում այսքան շատ չէին խոսում այս մասին, հիմա խոսում են:
Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ