Իսրայելի ընտրանու հետ ընկերական հանդիպման մեկնող ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականի օդանավը վայրէջքի ժամանակ վերջին պահին հրաշքով խուսափել է մեկ այլ օդանավի բախվելուց եւ բարեհաջող վայրէջք կատարել երկրորդ փորձից:
«Dinamo.kiev. ua»-ն գրում է, որ այն պահին, երբ վազքուղուն մնում էր ընդամենը մի քանի մետր, շարջիչներն անսպասելի անցել են վերելքի ռեժիմ եւ օդանավն սկսել է արագորեն վեր բարձրանալ: Այնուհետեւ, պարզվել է, որ առաջին փորձի ձախողման պատճառ եղել է տեղի ավիադիսպետչերների չհամաձայնեցված աշխատանքը, որի հետեւանքով ավելի շուտ վայրէջք կատարած մեկ այլ ավիաընկերության օդանավը դեռ չէր հասցրել ազատել վազքուղին: Բարեբախտաբար, ուկրաինական օդանավի հրամանատարը հասցրել օդանավը վեր բարձրացնել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ