Հատված հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ հարցազրույցից
-Ձեր կարծիքով, առաջիկա ընտրությունների նախընտրական շրջանն ինչո՞վ է տարբերվում նախորդներից:
-Այս ընտրությունները յուրահատուկ են նրանով, որ չկողմնորոշվածների բանակը մեծ է: Գիտեք, չէի ասի, որ մարդկանց զգալի հատվածն ապատիայի մեջ է, բայց որ շատերին է անորոշությունը համակել, հստակ է:
-Ինչո՞վ եք դա բացատրում:
-Թերեւս նրանով, որ ակնհայտ ազդեցիկ ուժեր չկան, բոլոր ուժերը մարդկանց ծանոթ են: Ի դեպ, առաջիկա ընտրությունների ազդեցությունն առավել հստակ կդառնա կարճ ժամանակ անց, երբ ակնհայտ կդառնա՝ որքանով թարմ, նոր դեմքեր, որքանով վառ անհատականություններ կլինեն ընտրացուցակներում:
Այսինքն՝ 2012-ի խորհրդարանական ընտրությունները լրջորեն պայմանավորված կլինեն նրանով, թե որ կուսակցությունն ինչ նոր` համակրելի դեմքերով կներկայանա: Մեծ մասամբ մեր կուսակցությունները ներկայանում են առաջին դեմքերով, իսկ նրանք շատերին պարզ են:
Նորի էֆեկտը շատ կարեւոր է: Օրինաչափություն կա` մարդկանց ավելի շատ նորույթն է գրավում: Եվ գիտեք, եթե անգամ հայտնի, շատ կարեւոր դեմքն է գալիս եւ լուրջ բաներ ասում, ավելի քիչ ուշադրության է արժանանում, քան թե նոր հայտնված դեմքերը: Մանավանդ եթե խարիզմատիկ կերպարներ լինեն, խելացի, խոստումնալից, վճռական, հստակ դիրքորոշում ունեցող:
Արդ, որքանով այս կամ այն քաղաքական ուժը նոր մարդիկ կներգրավի իր ընտրացուցակներում, այնքանով էլ հանրության ուշադրությունը կգրավի: Ասել է թե՝ հետաքրքիր, յուրահատուկ շրջան է սկսվելու, եթե իհարկե կուսակցությունները հուսախաբ չանեն:
Շատ բան, կարծում եմ, կախված կլինի նաեւ քարոզարշավը լավ կազմակերպելուց: Ակնհայտ է՝ հասարակությունը վառ անհատականությունների կարիքն ունի: Մեզ պետք են պերսոնալիաներ:
Անահիտ ԵՍԱՅԱՆ