Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջողության տերը անհաջողությա՞ն տերն էլ է

Փետրվար 29,2012 11:47

Երեկ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց Ազգային Ժողովի և Սենատի կողմից ընդունված` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։

Սակայն խնդիրը ոչ թե Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ընդունած որոշումն է, այլ այն մեկնաբանությունները, որ հնչելու են Հայաստանում։ Իսկ մեկնաբանությունները շատ հետաքրքիր են լինելու, մանավանդ, եթե դրանք համադրենք ընդամենը մեկ ամիս առաջ հնչած հայտարարությունների հետ։

 Իսկ մեկ ամիս առաջ ՀՀԿ-ական գործիչները, ինչպես նաև պետպատվերով աշխատող ու «ստեղծագործող» քաղաքագետներն ու վերլուծաբանները` փրփուրը բերաններին, իրար հերթ չտալով, տարբեր ակումբներում ու ասուլիսներում թմբկահարում էին, որ Ֆրանսիայի Սենատի որոշումը արդյունք է «նախագահ Սերժ Սարգսյանի իմաստուն արտաքին քաղաքականության»։

Այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե Ֆրանսիայում գոյություն չունի 400 հազարանոց հայկական գաղութ, չեն եղել հայկական կուսակցություններ, չի եղել տասնամյակներ շարունակ մղված պայքար` հանուն այդ և ոչ միայն այդ օրինագծի։

Այս «քարոզչությունը» այնքան անճաշակ ու անմակարդակ էր կազմակերպված, որ, կարեկցական քմծիծաղից բացի, այլ զգացողություն չէր առաջացնում։

Այժմ հետաքրքիր է, թե այս որոշումից հետո ինչ են ասելու պետպատվերով կամ կուսակցական հանձնարարությամբ խոսող այդ «քաղաքագետներն» ու«վերլուծաբանները». դարձյալ խոսելու են հանուն սեփական շահի «ծախված»արդարության, թուրքական շանտաժին տեղի տված ֆրանսիացիների անսկզբունքայնության մասին։ Իսկ ո՞ւր մնաց մեր իմաստուն արտաքին քաղաքականությունը։ Թե՞ այն տեր է միայն ընդհանուր ուժերով ձեռք բերված հաջողության, իսկ անհաջողության պատճառը միայն ուրիշներն են։ Իսկ գուցե կընտրվի բոլորովին ա՞յլ մարտավարություն. ուղղակի մեր «պետականամետ» ու«վարդագույն» հեռուստատեսությունները լռության կմատնեն այս որոշումը, չնկատելու կտան։ Սա էլ է հնարավոր։

Ինչևէ, մնում է միայն ցավակցել մեկ ամիս առաջ կոկորդ պատռողներին և մի խորհուրդ տալ` ամեն մեկը յուրովի է ապահովում հանապազօրյա իր հացը, բայց այդ արեք այնպես, որ վաղը ծիծաղելի վիճակի մեջ չհայտնվեք, իսկ, որ ավելի կարևոր է, ուրիշի չդնեք այդ վիճակի մեջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829