Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ երիտասարդները փորձեցին «վերմակն իրենց վրա քաշել»

Փետրվար 29,2012 00:25

Երեկ տեղեկացրել ենք, որ մի շարք քաղաքական ուժերի երիտթեւեր Ծաղկաձորում ստորագրել են համատեղ հայտարարություն, որում անհրաժեշտ էին համարում հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորումը, արդար ընտրությունների անցկացման և ընտրակեղծիքների դեմ պայքարի գործում համատեղ և գործնական քայլերի ձեռնարկումը, եւ դնում էին այլ կարեւոր հարցեր: Այդ հայտարարության տակ ստորագրել էին ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ուժերի երիտասարդները: Զարմանալի էր, որ այդ հայտարարության տակ չտեսանք «Ժառանգություն» կուսակցության երիտասարդների ստորագրությունը:

«Ինչո՞ւ «Ժառանգությունը» չի միացել այդ հայտարարությանը»` այս հարցով դիմեցինք  «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Դավիթ Սանասարյանին, որն այս օրերին գտնվում է Բրյուսելում` Եվրոպայի ժողովրդական կուսակցության հրավերով, որին վերջերս անդամակցել է «Ժառանգությունը»:

Նա պաստասխանեց.«Մենք մի գաղափար էինք հղացել, որի համաձայն` բոլոր քաղաքական ուժերի երիտթեւերը միասնական ստորագրում են մի փաստաթուղթ, որով հանդես են գալիս հայտարարությամբ այն մասին, որ առաջիկա ընտրությունների երաշխավորը մենք ենք լինելու` երիտասարդներս, ու դրանից բխելու էին որոշ գործողություններ` ընդհանուր շտաբի ստեղծումով մենք փորձելու էինք վերահսկել ընտրությունների պրոցեսը: Նախատեսվում էր, որ այդ առաջարկն արվելու էր նաեւ իշխանության կուսակցությունների երիտթեւերին: Այս գաղափարը մի քանի անգամ հնչեցվել էր մամուլի միջոցով: Հետագայում ընտրեցինք նաեւ բանագնացներ, որոնք պետք է հանդիպեին երիտթեւերի ներկայացուցիչների հետ եւ համաձայնություն ստանալուց հետո պայմանավորվեին մանրամասների վերաբերյալ: Եղան հանդիպումներ «Ազատ դեմոկրատների», ՀԱԿ-ի եւ Դաշնակցության երիտասարդների հետ: Բոլոր հանդիպումների ժամանակ մենք նշում էինք, որ սա բոլորի նախաձեռնությունն է, եւ յուրաքանչյուրս այս նախաձեռնության հավասար հեղինակներն ենք: Սակայն, չգիտես ինչու, Դաշնակցության երիտասարդները ձգձգում էին պատասխանը: Եվ ահա` Երիտասարդական հիմնադրամի հետ միասին Ծաղկաձորում կազմակերպեցին կոնֆերանս, որտեղ հանդես եկան հայտարարությամբ, որում ներառված էր նաեւ մեր առաջարկը»:

Այսինքն, դուք չեք ստորագրել այդ հայտարարության ներքո, քանի որ ՀՅԴ-ն, կոպիտ ասած, «իրենո՞վ արեց» ձեր գաղափարը` մեր այս հարցին Դ.Սանասարյանը պատասխանեց.«Մենք չենք ստորագրել ոչ թե նրա համար, որ «Ժառանգության» երիտասարդների գաղափարն էր յուրացված, այլ որ հավասարների վերմակը քաշել են սեփական մարմնի վրա, եւ եթե իրենց համար ոչ թե իրենց անունը կարեւորելն է գլխավորը,  այլ գաղափարը, ապա իրենք չպետք է իրենց դրոշակը ծածանեին: Այնուամենայնիվ, մենք ողջունում ենք ցանկացած ուժի կողմից արդար ընտրությունների անցկացման ուղղությամբ որեւէ նախաձեռնություն: Ուղղակի խնդիրը նրանում է, որ երիտասարդները չպետք է կրկնեն ավագ կուսակցականների սխալները եւ արդարամիտ գտնվելով միայն սեփական նեղ շահի մասին չմտածեն: Ինքս, ճանաչելով ՀՅԴ-ից շատերին, հուսով եմ, որ կշտկեն իրավիճակը, եւ առաջիկայում այն չի կրկնվի ու կմնա պատմության գրկում: Մենք շարունակում ենք մեր հանդիպումները նախ ընդդիմադիր թեւերի, ՀՅԴ-ի հետ, նաեւ մյուս կուսակցությունների երիտասարդների հետ»:

«Իսկ չե՞ք վախենում, որ «Ժառանգությանը» մեղադրեն սեփական ամբիցիաների համար նման կարեւոր հայտարարությանը չմիանալու մեջ»,-«Առավոտի» այս հարցին «Ժառանգության» անդամը պատասխանեց. «Հարցն ամենեւին ամբիցիաները չեն: Եթե մենք նման խնդիր ունենայինք, իրենց նման բոլորին կհրավիրեինք եւ կասեինք` տեսեք, մենք նման գաղափար ունենք, նման բան ենք կազմակերպել, եկեք մեզ միացեք: Բայց ուզում եմ նորից կրկնել, որ այս օրերին շարունակվում են հանդիպումները, եւ արդյունքների մասին կտեղեկացնենք հանրությանը: Մեր միակ ամբիցիան ազատ եւ արդար ընտրությունների ապահովումն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829