«Բժիշկներն ամուսնուս մոտ օստեոխոնդրոզ (ողնաշարային հիվանդություն) էին ախտորոշել, որի համար խորհուրդ տվեցին շատ կաթնամթերք օգտագործել, հատկապես կաթնաշոռ», – պատմում է Արևիկը: «Ոսկրերս ամրացնելու նապատակով դիմեցի տարբեր բժիշկների խորհրդին, սակայն նրանցից յուրաքանչյուրը տարբեր կարծիք էր արտահայտում: Ոմանք ասում էին, որ իմ օրգանիզմին շատ կալցիում է անհրաժեշտ, որն ամենաշատը պարունակում է կաթնաշոռը, ոմանք էլ պնդում էին, որ կաթնաշոռն ավելի շատ ճարպ է պարունակում, քան կալցիում: Երբեմն կալցիումը նույնիսկ բացակայում է», – ասում է Վարդանը:
Վերջին ժամանակներում լուր էր տարածվել, թե կաթնաշոռում առկա է ավելի շատ ճարպ, քան կալցիում, որն անհրաժեշտ է հատկապես ոսկրային և իմունային խնդիրներ ունեցող մարդկանց համար: «Կաթնաշոռը մնացած կաթնամթերքներից ամենաշատն է կալցիում պարունակում: Սակայն ճարպային պարունակությամբ այն կարող է տարբեր լինել», – ասում է թերապեւտ Անահիտ Հովհաննիսյանը: Ըստ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և որակի հսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանի` կաթնաշոռը, իր մեջ եղած օգտակար տարրերից բացի, ավելի քիչ ճարպ է պարունակում, քան, օրինակ` պանիրը (40-45%): Սակայն չպետք է մոռանալ, որ գոյություն ունեն կաթնաշոռի տարբեր տեսակներ, որոնցում ճարպերի քանակը տարբեր է: «Իրականում ճարպն ավելի թանկ է, քան կալցիումը: Ուստի ո՞րն է կաթնաշոռի բաղադրության մեջ հավելյալ ճարպ ավելացնելու օգուտը», – զարմանում է մասնագետը:
«Որևէ սնունդ, հատկապես կաթնաշոռ և կաթ գնելիս սովորաբար կարդում եմ տուփի վրա գրված բաղադրությունը և ժամկետը: Սակայն այդքան էլ վստահ չեմ, որ այդ ամենը համապատասխանում է իրականությանը», – ասում է Հեղինեն: Այն հարցին, թե «որքանո՞վ վստահ լինել` կաթնաշոռը ժամկետանց է, թե՞` ոչ» հարցին Ա. Վարժապետյանը պատասխանում է, որ Հայաստանում և արտասահմանյան երկրներում գործում է այն օրենքը, ըստ որի` եթե ստուգող մարմինը` տեսուչները հայտնաբերում են, որ փաստաթղթերում ամրագրված պիտանելիության ժամկետը չի համապատասխանում տուփի վրա նշված ժամկետին, տնտեսվարող սուբյեկտները խիստ պատժվում են` վարչական տույժ և տուգանք վճարելով, ընդհուպ մինչև վերջինների գործնեության կասեցման փաստով: «Փաստորեն ըստ 2007թվականին ընդունված «վտանգավոր սննդամթերքի օգտագործման և ոչնչացման կարգը հաստատելու մասին» ՀՀ օրենքի` սննդամթերքում մանրէաբանական շեղումներ արձանագրվելու դեպքում տրամադրվում են դրա օգտահարման` վերամշակման կամ ոչնչացման եղանակները, որոնք որոշվում են սննդի փորձարկման լաբորատորիայում», – ավելացնում է մասնագետը: Նրա պնդմամբ, եթե սննդամթերքը մի փոքր ժամկետանց է, այն վերամշակվում և օգտագործվում է որպես երկրորդային հումք (օրինակ` չոր պանրիկների ձևով), իսկ առողջության համար չափազանց վտանգավոր լինելու դեպքում, համապատասխան ստեղծված հանձնաժողովի որոշմամբ` այդ սննդամթերքը ոչնչացվում է` «հուղարկավորելով» այն:
Ելենա Չոբանյան