Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բարետես տղամարդիկ ավելի խելացի՞ են

Փետրվար 28,2012 21:03

Մարդու ինտելեկտը բնորոշվում է որպես նրա ճանաչողական կարողությունների ամբողջություն, որոնք վկայում են տվյալ մարդու մտածողության մակարդակի եւ բարդ խնդիրները լուծելու կարողության մասին: Գոյություն ունեն ինտելեկտը ստուգող թեստեր, որոնց խնդիրն է բացահայտել, թե մտածողության ո՞ր տեսակն է առավել զարգացած տվյալ մարդու մոտ՝ պատկերավոր, տրամաբանական, բանավոր եւ այլն, ինչպես նաեւ գնահատել նրա հիշողությունը, զարգացածության մակարդակը, ուշադրությունը:

Ինտելեկտի գործոնի (IQ) չափումը մշակվել է Հանս Էյզենքի կողմից XX-րդ դարի քառասնական թվականներին: Ինտելեկտի ստուգման առաջին թեստերը հիմնված էին այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր տարիք ունի ինտելեկտուալ զարգացման իր նորմերը:

Ըստ նորզելանդացի սոցիոլոգ Ջեյմս Ֆլիննի՝ ինտելեկտի աստիճանը մեծապես պայմանավորված է ոչ թե գեներով, այլ շրջապատով: Մասնավորապես, նկատվել է, որ միեւույն ընտանիքում դաստիարակված հարազատ եւ որդեգրված երեխաները խիստ մոտ արդյունքներ են գրանցում թեստավորման ժամանակ, թեեւ նրանք ունեն տարբեր կենսաբանական ծնողներ:

Որոշ հետազոտողների կարծիքով՝ գրավիչ արտաքին ունենալը եւս պայմանավորված է բարձր ինտելեկտով: Նման եզրահանգման է եկել Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի հետազոտող խումբը, ըստ որոնց, օրինակ, բարետես տղամարդիկ ավելի խելացի են, քան գեղեցիկ կանայք: Լոնդոնի գիտնականների պնդմամբ՝ գրավիչ տղամարդկանց ինտելեկտի մակարդակը գերազանցում է նորման:

Հանս Էյզենքի պնդմամբ էլ՝ օրինակ սեւամորթների IQ-ն սպիտակամորթների IQ-ն-ից ցածր է, ինչն էլ պայմանավորված է գենետիկական կոդի առանձնահատկություններով:

Որոշ գիտնականներ էլ այն կարծիքին են, որ վերջին 50 տարիների ընթացքում երկրի բնակիչների IQ-ն բարձրացել է:

Aravot.am-ի հետ զրույցում հոգեբան Լիլիթ Սարգսյանն IQ թեստերի վերաբերյալ հետեւյալ կարծիքը հայտնեց. «Ամբողջ աշխարհում կիրառում են ինտելեկտը ստուգող IQ թեստերը, թե երեխաների, թե մեծահասակների շրջանում, սակայն հիմնվել դրանց արդյունքների վրա, այնքան էլ ճիշտ չէ: Իհարկե դրանց միջոցով կարելի է պարզել, թե որքան է թեստն անցնողի ինֆորմացիոն բազան, ինչպիսին է նրա ինտուիցիան: Բայց մարդու ռեալ նկարագիրը պարզելու համար հարկավոր է դիմել MMPI (անձի բազմակողմանի հետազոտության մեթոդիկա )թեստերի օգնությանը, ինչի շնորհիվ էլ կարելի է մոտ 90 անձնական հատկանիշ որոշել եւ կազմել մարդու հոգեբանական դիմանկարը: MMPI թեստերի միջոցով հնարավոր է պարզել մարդու բնածին հատկանիշները, մտածողության կառուցվածքը, առանձնահատկությունները, նրա ինքնագնահատականը, հասարակության մեջ, առանձին խմբերում ադապտացվելու մակարդակը, անձի պաշտպանողական մեխանիզմները, նրա սեռական ակտիվությունը, առողջությունը, տրամաբանութան չափը, հիշողությունը, եւ այլն»:

Ըստ մեր զրուցակցի՝ MMPI թեստերի հարցերին կեղծ պատասխաններ տալ հնարավոր չէ, որովհետեւ հաջորդ հարցերը անմիջապես կբացահայտեն ակնհայտ սուտը: Այս թեստերը նաեւ կարողանում են պարզել` տվյալ մարդու ստելու ունակությունը բնածի՞ն է, թե՞ ձեռքբերովի. «Աշխարհում շատ լուրջ գիտնականներ MMPI թեստերը համարում են ամենահուսալին, նշեմ նաեւ, որ MMPI թեստերը կրառվում են նաեւ բժշկության մեջ. վիրահատությունից առաջ հիվանդներին առաջարկվում է թեստ անցնել, ըստ որի բժիշկները կարողանում են պարզել, թե հիվանդի խառնվածքն ինչքանո՞վ է համապատասխանում վիրահատությանը»-եզրափակեց Լ. Սարգսյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829