Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Նազարյանը ծառայում էր «Ո» մթնոլորտով ստորաբաժանումում

Փետրվար 28,2012 20:53

Փետրվարի 28-ին   Իջեւանում կայացավ     Բերդի տարածաշրջանի  «Մեհրաբներ» զորամասում  լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը:  Ներկա էին գործով  5 ամբաստանյալները, մեղադրողներ Հայկ Հարոյանը եւ Հարություն Հարությունյանը, ամբաստանյալների պաշտպաններ  Հրանտ Գեւորգյանը, Լեւոն Պողոսյանը, Ալվարդ Մնացականյանը,  տուժողի իրավաջորդ Ծովինար Նազարյանը , վերջինիս  ներկայացուցիչ,  իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, բացակայում էին փաստաբան Մուշեղ Շուշանյանը , պաշտպան  Ազատ Շահբազյանը:

Նիստի սկզբում դատարանում ներկայացվեցին գործով առանցքային վկա Արման Մնացականյանի նախաքննական ցուցմունքներով տեսաերիզները: Պաշտպաններ Հրանտ Գեւորգյանը, Ալվարդ Մնացականյանը եւ Լեւոն Պողոսյանը Արման Մնացականյանի  տեսագրված նախաքննական ցուցումները համարեցին քննիչի ճնշմամբ գրված, ոչ արժանահավատ եւ դատարանին միջնորդեցին դրանք համարել անթույլատրելի ապացույց եւ չդնել կայացվելիք դատավճռի հիմքում:

Այնուհետեւ  դատարանում ցուցմունք տվեց  ավագ սերժանտ, դասակի հրամանատարի տեղակալ Արտակ Հովհաննիսյանը: Վերջինս Արտակ Նազարյանին համարեց «թույլ սպա», ում  ամբաստանյալ երեք զինվորները ծաղրում էին: Վկան ասաց, որ  իրենց ստորաժանումում «Ո» տառով  մթնոլորտ էր»` նկատի ունենալով, որ գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը  լեյտենանտ Արտակ Նազարյանի հետ  ոչ կանոնադրական հարաբերություններ ուներ: Վկան ասաց, որ Արտակի զոհվելու օրը`2010թ. հուլիսի 27-ին «Բանակում» հեռուստասերիալի նկարահանող խումբը պետք է ժամաներ իրենց հենակետ, եւ այդ առթիվ իրենք նոր համազգեստ էին հագել:

Դատախազներ Հարություն Հարությունյանը  եւ Հայկ Հարոյանը հարցեր ուղղեցին  Արտակ Հովհաննիսյանին:  Դատարանում էլ  մթնոլորտը խաղաղ  չէր,  վիճում էին պաշտպան Հրանտ Գեւորգյանը եւ դատավոր Սամվել Մարդանյանը: Պաշտպանը դատավորին հորդորեց չօժանդակել մեղադրողներին, իսկ դատավորն էլ պաշտպանին կոչ   արեց «չափի մեջ մնալ»: Դատական հաջորդ նիստը  կկայանա մարտի 6-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829