Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջվում է «թափով, բոյով» ոստիկան

Փետրվար 28,2012 19:37

Aravot.am-ի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հորդորով ոստիկանության պահպանության վարչության գնդի բոլոր աշխատակիցներին շարել են ու ջոկել, այսպես ասած, «թափով, բոյով, դռբով» տղաների: Նրանց ասել են, որ առանձին գունդ են ուզում ստեղծել՝ հատուկ դեպքերի համար: Այդ «մկանուտ» ոստիկանների մի մասը չի ցանկացել ներգրավվել այդ խմբում, քանի որ տեղեկացել են, որ աշխատավարձը չի բարձրանալու, փոխարենը՝ աշխատանքն է ավելի բարդանալու:

Մենք ոստիկանությունից պարզաբանում խնդրեցինք, թե ինչի՞ համար են ստեղծում այդ հատուկ գունդը, եւ արդյո՞ք դա կապ ունի առաջիկա ՀԱԿ-ի հանրահավաքի կամ սպասվող ցույցերի հետ: Ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանի պարզաբանմամբ՝ «Գուցե պահպանության վարչությունն իրենց համար հմուտ կադրերի ընտրություն է անում, այդքան բան»: Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են նախապատվությունը տալիս հենց «բոյով, թափով» տղերքին՝ նա պատասխանեց. «Ես էլ կուզենայի, որ բոլորը նախապատվությունը տային դրան, եւ ոստիկանները բոլորը լինեին վստահելի, ամրակազմ, դուք ինքներդ եք չէ՞ քննադատում, երբ ոստիկանները լինում են կարճահասակ, գեր: Բացարձակ կապ չունի մարտի 1-ի հանրահավաքի հետ, մանավանդ, եթե օրերով հաշվենք, այդպես չի լինում, որ մի քանի օրվա ընթացքում գունդ հավաքեն: Պարզապես երեւի համալրում են իրենց շարքերը: Արտաքին ծառայություն իրականացնողների խնդիրը շատ ավելի խիստ է, նայում են արտաքին տվյալներին էլ:  Բնականաբար, պետք է բարետես, ամրակազմ լինի»:

Ինչ վերաբերում է նրան, որ ոստիկաններից շատերը չեն համաձայնվել ներգրավվել այդ նոր խմբում՝ պարոն Ահարոնյանը պարզաբանեց. «Բռնի չեն կարող տանել: Ոչ բոլորին է հարմար ոստիկանի ծառայությունը, այն իրոք շատ դժվար է, մարդկային որոշակի կամային որակներ է պահանջում: Դա ոչ բոլորին է հոգեհարազատ, ինչու պիտի իրենց կյանքը վտանգեն կամ սովորական քաաքացիական աշխատանքային ժամի փոխարեն, գնան  ֆիզիկական աշխատանք կատարեն»: Աշոտ Ահարոնյանը նաեւ տեղեկացրեց, որ Վլադիմիր Գասպարյանը շատ մեծ ուշադրություն է դարձնում ոստիկանների կազմվածքին ու շատ խիստ է դրել այդ հարցը, որ հանկարծ մատների արանքով չնայեն. «Հատուկ կենտրոն կա, որտեղ ամեն ստորաբաժանում ունի իր օրն ու ժամը, գնում-մարզվում են բոլորը»: Մեր հարցին՝ իսկ ոստիկանների մեջ շա՞տ կան թուլակազմ, նիհար, կոլոտներ՝ նա պատասխանեց. «Մեծ համակարգ է, կլինեն ամեն դեպքում»:

Թիկնապահների դեպքում մասնագետները չեն կարեւորում չափսերը, կազմվածքը՝ նախապատվությունը տալով ճարպիկներին, իսկ թե ինչու են ոստիկանների դեպքում նախընտրում հենց հաղթանդամներին՝ պարոն Ահարոնյանն ասաց, որ իրենք կարեւորում են ոչ միայն կազմվածքը, այլեւ գիտելիքները, նույնիսկ՝ անգլերենի իմացությունը, որ զբոսաշրջիկները մեր քաղաքում անհարմարություն չկրեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829