28-ամյա Լիանան գանգատվում է, որ ոչ մի կերպ չի կարողանում իր 7-ամյա աղջնակին սովորեցնել կոկիկ ու հավաք լինել, և զարմանում թե ինչպես է փոքր որդին կոպտում տատիկին:
Երեխան, որպես կանոն, անառարկելիորեն հավատում է հորն ու մորը, նրա մեջ կասկած իսկ չի ծնվում նրանց իշխելու իրավունքի նկատմամբ, նրա համար մտերիմներն աշխարհի ամենալավ մարդիկ են:
Երեխաները շատ զգայուն են ծնողների անձնական կյանքի նկատմամբ: Նույնիսկ ամենաազնիվ բովանդակությամբ զրույցներով ու բացատրություններով` ծնողը շատ բանի չի հասնում, եթե նրա ամենօրյա վարքագիծը հակասում է իր խոսքին:
Փոքրիկի մտքում և սրտում անհամաձայնություն է առաջանում, երբ ծնողները, փոխադարձ հարգանք չցուցաբերելով միմյանց նկատմամբ, իրենց հարաբերությունները պարզում են երեխայի մոտ: Բայց չէ՞ որ երեխաները հետևում են ծնողների օրինակին: Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են փոքրերն ընդօրինակում հոր կամ մոր բնորոշ շարժումները, ինչպես են նրանց խոսքում հայտնվում մեծերին հատուկ բառերն ու դարձվածքները: Ավելի դժվար է նկատել մի այլ բան. ինչպես է երեխան յուրացնում մեծերի վարվելակերպի ամբողջ ոճը:
Սակայն երեխայի դաստիարակման համար կարևոր է ոչ միայն այն, թե ինչ՞ և ինչպե՞ս են իրեն սովորեցնում, այլ` ի՞նչ է նա որպես օրինակ տեսնում:
Ինչու՞ է այդքան կարևոր մեր անձնական օրինակը` անձի մեջ մեզ համար ցանկալի հատկանիշներ դաստիարակելու հարցում: Հոգեբան Սրբուհի Դավթյանի խոսքով՝ ամեն մի ուսուցում պետք է ուղեկցվի «հուզական դրական մղումներով», միայն այդ դեպքում այն կամրակայվի բնավորության մեջ, այլ խոսքով` փոքրիկը հեշտ է յուրացնում լավը, եթե ձեր օրինակը նրան ուրախություն է պատճառում:
Դուք ցանականում եք որպեսզի փոքրիկն աստիճանաբար վարժվի աշխատանքային պարզ պարտականություների կատարելուն, բայց նկատում եք հակառակը. «Իհարկե, երեխային կարելի է ստիպել, որ փոշին սրբի, ջրի ծաղիկները, դիմավորի հայրիկին, երբ նա աշխատանքից տուն է գալիս, և տնային հողաթափերը տա նրան, բայց միայն ստիպելու արդյունքում նրա մեջ աշխատասիրություն չեք դաստիարակի, այլ լավագույն դեպքում` սովորույթ` անել այն, ինչ պահանջում են նրանից, վատթարագույն դեպքում` հակակրանք աշխատանքի նկատմամբ», – ասում է հոգեբանը:
Իսկ ինչպե՞ս ստեղծել «հուզական դրական տեղաշարժեր»: Ըստ հոգեբանի՝ կարևոր դեր են խաղում մեծերի սերն ու ուշադրությունը, նրանց կողմից փոքրիկի վարքագծի քաջալերումը: Եվ վերջապես այն կենդանի օրինակը, որ ներկայացվում է ծնողի աշխատասիրությամբ, բարյացակամությամբ, քաղաքավարությամբ, պարտավորվածությամբ չի կարող չարմատավորվել երեխայի հոգում:
Ալվարդ Սիմոնյան