Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյան. «Արցախցուն կարկուտն ավելի է հուզում քան ռազմատենչ հայտարարությունները»

Փետրվար 28,2012 18:30

Մենք սովոր ենք ասել, որ ամեն անգամ, երբ Հայաստանում, Ադրբեջանում կամ Արցախում սպասվում են համապետական ընտրություններ, ղարաբաղյան հարցի կարգավորման ընթացքը մի տեսակ պասսիվանում է: Արդյոք շարքային ղարաբաղցին զգո՞ւմ է, որ ինչ-որ պահից հարցի կարգավորումը լարվածության շրջան է մտնում կամ հակառակը, թե՞ ղարաբաղցիներն այս ամենով չեն էլ մտահոգվում եւ հանգիստ ապրում են իրենց երկրում:

-Ասեմ, որ ընտրություններ են սպասվում ոչ միայն Հայաստանում եւ Արցախում, այլեւ՝ համանախագահող երկրներում: Իսկ արցախցին, իհարկե մտահոգված է ՀՀ-ի ընտրություններով, դա կլինի խորհրդարանական թե նախագահական: Երբ ընտրությունները կավարտվեն եւ խորհրդարան մտնող ուժերը մեկը մյուսին կշնորհավորեն եւ կընդունեն, որ ՀՀ-ում ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքներին եւ ՀՀ «Ընտրական օրենսգրքին՚» համապատասխան, այ, սա կլինի մեր բոլորի հաղթանակը: Մենք մտահոգված ենք դրանով:

Իսկ Արցախի հարցը արցախցիները լուծել են եւ ռազմի դաշտում եւ 1991-ի դեկտեմբերի 10-ի շատ օրինակելի հանրաքվեում, մեր ժողովրդի 99,99 տոկոսը «Այո» է ասել իր անկախությանը, մինչ այդ՝ սեպտեմբերի 2-ին հռչակելով իր անկախությունը: Մենք համոզված ենք, որ հարցը լուծել ենք, արցախցիները այդպես են մտածում, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ապա մեր հայրենակիցները Երեւանում ավելի շատ են մտահոգվում այդ հայտարարություններով, քան արցախցիները: Որովհետեւ այսօրվա արցախցի գյուղացին ավելի շատ մտահոգված է եղանակից, կարկուտից, քան նրանց ռազմատենչ հայտարարություններից: Արցախն անկախ Ադրբեջանի կազմում չի եղել եւ չի էլ լինելու:

Ինչքան շուտ Ադրբեջանում հասկանան, որ բանակցային գործընթացի այս ձեւաչափով հարցը չի լուծվի, այնքան իրենց համար լավ: Իհարկե մենք ողջունում ենք Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպումները, բայց միշտ էլ արձանագրել ենք, որ եթե հիմնարար փաստաթուղթը ստորագրվի առանց ԼՂՀ իշխանությունների, դատապարտված է չիրագործվելու, մնալու է սոսկ թուղթ:

Երբ Դուք կողքից եք նայում Հայաստանի այս մասին, ինչպե՞ս եք տեսնում ներքաղաքական իրավիճակը մեր երկրում, այսօր իշխանություններն ասում են, որ պատրաստակամ են ժողովրդավար, ազատ, նորմալ ընտրություններ անցկացնել, ընդդիմությունը կարծես չի հավատում, Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն է իրավիճակն այստեղ:

-Իմ կարծիքով, 2012-ի մայիսին ՀՀ-ում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները եւ կազմակերպչական եւ թափանցիկության եւ ժողովրդավարության առումով մեկ քայլ ավելի առաջ են լինելու նախորդ ընտրություններից:Սա իմ անձնական կարծիքն է: Եթե ուշադրություն եք դարձնում եւ ԼՂՀ-ում եւ Հայաստանի հանրապետությունում ընտրությունները հետզհետե ավելի լավ են անցնում եւ նախորդի համեմատ մեկ քայլ առաջ են լինում:

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ
 Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829