2008 թվականի ապրիլին, երբ հեռանում էի Հայաստանի արտգործնախարարի պաշտոնից, հստակ գիտեի անելիքներս: Որոշել էի կյանքի կոչել այն գաղափարներն ու ծրագրերը, որոնց մասին մտածում էի նախարար եղած ժամանակ, բայց որոնցով չէի կարող զբաղվել ի պաշտոնե: Իսկ գաղափարներս շատ պարզ էին՝ երկրում բարեփոխումներ իրականացնել, աշխատելով տարբեր կազմակերպությունների ու կառույցների հետ և ամրապնդել քաղաքացիական հասարակությունը:
Հենց այս տրամադրվածությամբ ես հիմնեցի Սիվիլիթաս հիմնադրամը, որի բոլոր ջանքերն ուղղված են եղել երկրում փոփոխություններ բերելուն: Նոր գաղափարներով, հուսառատ ու բանիմաց երիտասարդների թիմով ու մի շարք անհատների և կազմակերպությունների աջակցությամբ Սիվիլիթասը Հայաստանի հասարակական կյանքին բերեց նոր շունչ, նոր ակնկալիքներ և նոր մշակույթ՝ հանրային քննարկումների կազմակերպման, գյուղական զարգացման ծրագրերի, հետազոտական աշխատանքների և լրատվության ոլորտներում:
Այս ամենը մենք աննպատակ չենք արել: Ես համոզված եմ, որ Սիվիլիթասի նման կառույցները պատասխանատու են քաղաքացիական հասարակության պահանջներին արձագանքելու և նույնիսկ նրան ուղղորդելու համար, որպեսզի հասարակությունը լուրջ մասնակցություն ունենա երկրի զարգացման գործում: Պետք չէ ակնկալել, որ որևէ կառավարություն հոժարակամ կարձագանքի հասարակության պահանջներին: Քաղաքացիական հասարակությունն է, որ իշխանություններին պետք է ստիպի արձագանքել ժողովրդի կարիքներին և լինել հաշվետու:
Ես նաև կարծում եմ, որ յուրաքանչյուր առանձին անհատ նույնպես պատասխանատվություն պետք է ունենա երկրի զարգացման գործում: Լատիներեն «civilitas» բառը հենց դա էլ նշանակում է՝ քաղաքացու պատասխանատվությունը հասարակության առջև: Այս ամիս ես որոշեցի քաղաքացիական պատասխանատվության հարթությունից քայլ կատարել քաղաքական պատասխանատվության հարթություն:
Այդ իսկ նպատակով ես հրաժարական եմ տվել Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդից: Հայաստանի օրենսդրությամբ նման դեպքում հրաժարականը պարտադիր չէ: Սակայն ես որոշեցի դա անել, որպեսզի իմ քաղաքական ներգրավվածությամբ չկաշկանդեմ հիմնադրամի գործունեությունը:
Իմ քայլը պայմանավորված է նույն մոտեցմամբ, որ միշտ ունեցել եմ թե՛ որպես կառավարության անդամ, թե՛ երբ հեռանում էի կառավարությունից: Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվության սեփական բաժինն ունի բոլորիս երազած երկիրը կառուցելու գործում: Զարգացած որևէ ժողովրդավարական պետության մեջ դա բավարար պատճառ է քաղաքականություն մտնելու համար, և ժամանակն է, որ Հայաստանում ևս չխուսափենք նման ընկալումներից:
Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ