Լրահոս
Օրվա լրահոսը

Հացդ տուր ուսուցչիդ

Փետրվար 28,2012 17:21

Սեւ բուխանկա հացի մասին լսել եմ մանկությանս տարիներին: Հետո՝ տարին գոնե մեկ անգամ լսում եմ այդ պատմությունը: Միշտ էլ մտքումս եղել է գրել, դարձնել պատմվածք: Հետաձգել եմ, վախենալով, որ գրածս համարժեք չի, կարող լինել այն փիլիսոփայությանը, այն զգացողությանը, որն ամեն անգամ ունենում եմ սեւ բուխանկայի մասին այդ պատմությունը լսելով: Պատմողը հայրս է: Պատերազմի տարիներին 7-8 տարեկան մի տղա, Քյավառից նոր-նոր Երեւան եկած արհեստավորի ընտանիքից, Երեւանի <Ղռեր՚>  կոչված թաղամասում մի փոքրիկ տնակ է վարձում ու ապրում Բոզկենց գերդաստանի մի փոքրիկ շառավիղ՝ Բոզկենց Արամի ընտանիքը: Պատերազմ, սով, ցուրտ, բայց տղաներին ուղարկում էր դպրոց: Փոքրը՝ 2-րդ կամ 3-րդ դասարանցի: Դպրոցում ուսուցիչը նվաղուն ձայնով դաս էր բացատրում: Սոված աշակերտներ, սոված դպրոց, սոված ուսուցիչ:  Իսկ շեկլիկ տղան՝ ճարպիկ, միշտ մի բան գտնում էր իրեն եւ ընկերներին կերակրելու համար: Ոչ ոք չէր հարցնում՝ որտեղի՞ց: Ուտում էին, կշտանում ու այդ օրով գոհ էին: Ուսուցիչ ընկեր Մուրադյանը նկատել էր, որ տղան ճարպիկ է, աչքաբաց: Բայց՝ իր աշակերտն է: Մի օր էլ չի դիմանում: Զրուցում է տղայի հետ եւ ամաչելով խոստովանում, որ ինքը եւ իր ընտանիքն արդեն քանի օր քաղցած են, մի կտոր սեւ հացի կարոտ: Շեկլիկին ավելին պետք չէր ասել: Հաջորդ օրը ուշանում է դասից: Արդեն դասի ավարտին շնչակտուր  մտնում է դասարան, ուսուցչի սեղանին է դնում սեւ, այն ժամանակվա՝ ստվարաթուղթ հիշեցնող թղթով, գրքի նման փաթեթավորված մի կապոց եւ բարձրաձայն հայտարարում. <Ընկեր Մուրադյան, էն գրքերը, որ ուզել էիր՝ բերել եմ՚>:  Ուսուցիչը ոչինչ չի հասկանում: Ինքը ոչ մի գիրք էլ չէր խնդրել: Դասամիջոցին, երբ պարզվում է, թե իրականում ինչ կար սեւ թղթի մեջ խնամքով, գրքի պես փաթեթավորված կապոցի մեջ, հուզմունքը խեղդում է նրան: Իր մոտ է կանչում Շեկլիկին եւ շնորհակալություն հայտնում սեւ բուխանկայի համար: Չի հարցնում՝ որտեղի՞ց, տղան էլ չի ասում՝ որտեղից:

Իրար հասկանում են:

Տղան հիմա 75 տարեկան պապիկ է, բայց էլի աշխույժ եւ էլի՝ նվիրված, էլի՝ աչքաբաց եւ սրտաբաց: Ու երբ մի քիչ խմում է, անպայման պատմում է այս պատմությունը: Չի մոռանում ասել, որ դիտմամբ էր գրքի պես փաթաթել հացը եւ որպես գիրք ներկայացրել, որ հանկարծ դպրոցում չհասկանային, թե աշակերտը ուսուցչին հաց է տվել: Եվ ուսուցիչը վերցրել է. <Խեղճ մարդուն կհեռացնեին. պատերազմի տարի էր՚>: Նման մի օր էլ ընկեր Մուրադյանի ընտանիքի կողմից վարձակալած տան  խորդանոցում  <հանկարծ> հայտնվում  է ձմեռվա   փայտը:

25.1.2009

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829