Ինչպես հայտնի է, 2011 թ.-ի ՀՀ կառավարության փետրվարի 23-ի որոշմամբ` գրքի գնին ավելանում է ավելացված արժեքի հարկը` 20 %- ի չափով, այսինքն` ընթերցողը պետք է վճարի 20 տոկոս ավելին: Գրքի թանկացումն այսօր` լրագրողների հետ հանդիպման ընթացքում քննարկեցին «Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, «Բյուրոկրատ» գրախանութի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը եւ արձակագիր Արամ Պաչյանը: Վերջինս կառավարության որոշումն աբսուրդ է համարում եւ իր համախոհների հետ սոցիալական ցանցում պայքարում է «Դեմ ենք գրքի թանկացմանը» խմբի միջոցով: «12 օր էր մնացել գրքի մայրաքաղաքին, եւ կառավարությունն այնպես արեց, որ ընթերցողն անմատչելի դառնա գրքի հանդեպ: Օլիգարխներից չեն կարողանում հարկ վերցնել, դրա համար այսպես են անում»,- ասաց Ա. Պաչյանը:
Իսկ Արմեն Մարտիրոսյանի խոսքերով` պետությունը լավ չի վերաբերվում գրքին. «Սիգարետի հումքը ազատում են ավելացված արժեքի հարկից, իսկ գիրքը` ոչ: Գիրքը ապրանք չի, այլ հոգեւոր-մշակութային արժեք»: Ա. Մարտիրոսյանի կարծիքով` իրավիճակը նպաստում է գրքի «մահանալուն». «Եկեք գոնե օգնենք, որ չմեռնի, կամ դանդաղ մեռնի»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
Հայկ Հովհաննիսյան էլ փաստեց, որ 20 %-ով թանկացումն ազդում է գրքի վաճառքի վրա. «Այդպես մենք շրջվում ենք դեպի էլեկտրոնային գրքերը, որոնք ավելի հեշտ է ձեռք բերել»: Նա հավելեց, որ իրավիճակը շտկելու համար ավելացված արժեքի հարկը գրքից պետք է հանվի թե ներմուծման եւ թե սպառման փուլերում:
Ա. Պաչյանի տեղեկացմամբ` թանկացմանը դեմ հանդես եկող ակտիվիստները վաղը նամակ կհղեն ՀՀ վարչապետին: Բացի այդ, առաջիկայում Ազգային Ժողովում հարցի շուրջ կկազմակերպվի քննարկում` ակտիվիստների մասնակցությամբ: Առաջիկա 15 օրվա ընթացքում Ֆինանսների նախարարության կողմից սպասվում է պարզաբանում ընդունված որոշման մասին:
Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Ա. Մարտիրոսյանը, գրքի մայրաքաղաքում գրախանութների նվազ քանակությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գրքի վաճառքը ձեռնտու չէ. «Գրախանութներ, որպես այդպիսիք՝ չկան, քանի որ առկա գրախանութներում հիմնականում վաճառվում են գրենական պիտույքներ: Իսկ եթե դրանք տնօրինեին դասագրքերի իրացումը, ապա այցելուներ շատ կլինեին, մինչդեռ գրախանութներից օգտվում է մարդկանց գրեթե 5 %-ը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ