Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդվեդեւի միջնորդական առաքելության «թաղումը»` ըստ Վահրամ Աթանեսյանի

Փետրվար 28,2012 17:10

«Եվրամիության «առավել գործուն դերակատարության» մասին, ինչպես գիտենք, ավելի հաճախ եւ բավական պաթետիկ խոսում էին Բաքվում: Այս իմաստով «Հարավային Կովկասին վերաբերող եզրակացություններ» անվանված նախագծի` Լեռնային Ղարաբաղի մասին հատվածը, դատելով առաջին տպավորությամբ, Ադրբեջանի հույսերը չի արդարացնում»,-Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով ԵՄ արտաքին գործերի խորհրդի` Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ ընդունած հատուկ փաստաթղթին, կարծիք հայտնեց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

«Այնտեղ հստակ արձանագրված է, որ ԵՄն «իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին», մինչդեռ նույն օրը Ադրբեջանի կառավարող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, թե «Մինսկի խումբը պետք է խնդրի կարգավորման հստակ ժամանակային շրջանակներ սահմանի»: Սա ՄԽ համանախագահների` սպասվող տարածաշրջանային այցից առաջ միջնորդների վրա ճնշում գործադրելու անթաքույց դրսեւորում է: Ուրեմն կարելի է եզրակացնել, որ ԵՄ արտաքին գործերի խորհրդի մակարդակով քննարկված նախագիծը Բաքվում, մեղմ ասած, չեն ողջունում»,- ասաց մեր զրուցակիցը:
Պարոն Աթանեսյանի կարծիքով, էական է նաեւ, որ նախագծում խոսվում է Լեռնային Ղարաբաղ ԵՄ ներկայացուցիչների առանց նախապայմանների մուտքի մասին. «Ակնարկը միանշանակորեն հասցեագրված է Ադրբեջանին: Քանի որ թե Հայաստանը, թե Լեռնային Ղարաբաղն, ընդհակառակը, մշտապես հանդես են եկել եւ հանդես են գալիս Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի կողմից ԼՂ այցելելու օգտին: Հարկ է հիշեցնել, որ հենց ադրբեջանական կողմի ոչ կառուցողական մոտեցման պատճառով էր, որ ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչը մի քանի տարի առաջ կես ճանապարհից հրաժարվեց ԼՂ այցելելու մտքից: Այսօր ԵՄն ինքն է խնդիր դնում, որպեսզի իր ներկայացուցիչներն առանց նախապայմանի այցելեն Լեռնային Ղարաբաղ: Դա ԵՄԱդրբեջան մակարդակի քննարկման հարց էր, բայց փոփոխվող իրավիճակում, թվում է՝ Լեռնային Ղարաբաղն էլ պետք է ուսումնասիրի ԼՂ ԵՄ ներկայացուցիչների մուտքի եւ այստեղ գործելու նպատակահարմարությունը կամ ոչ նպատակահարմարությունըՄանավանդ որ, ԵՄ նախագծում ինձ արտառոց է պատկերվում « մարդրիդյան սկզբունքների» հիշատակումը: Թվում է, որ դա անցած փուլ է եւ գրեթե անհնար է «վերակենդանացնել» մի գործընթաց, որ Իլհամ Ալիեւը մեծ «հաջողությամբ» կասեցրեց անցյալ տարի` Կազանի եռակողմ հանդիպմանը: Իմ ընկալմամբ, դա նաեւ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդական առաքելության «թաղումն» էր, ուստի տարօրինակ է, որ եվրաչինովնիկներն այդ նախագծում աջակցություն են հայտնել նաեւ պաշտոնից այսօրվաղը հեռացող Մեդվեդեւի միջնորդությանը
Գուցե հարկ կար ասել` «Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ հանդիպումներին» է ԵՄն աջակցում: Մի խոսքով, այս եւ «մադրիդյան սկզբունքների» մասով նախագիծը գործնականությամբ աչքի չի ընկնում: Սա իմ անձնական ընկալումն է»,- եզրափակեց Վահրամ Աթանեսյանը:

Ըստ մեր զրուցակցի, Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ ձեռնարկել եւ այդպես նպաստել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի առաքելությանը: Պարոն Աթանեսյանը դրանով է բացատրում այն, որ Եվրամիությունը ցանկանում է, մասնավորապես, իր ներկայացուցիչների համար ստանալ Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ առանց նախապայմանների մուտք գործելու հնարավորություն։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829