Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «ԱԺ դարպասների մոտ ընդդիմության ցույցը նախընտրական PR է»

Փետրվար 28,2012 16:51

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի դիտարկմամբ, ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության օրենսդրական նախաձեռնությանն ի պաշտպանություն ԱԺ դարպասների մոտ անցկացվող ցույցը նախընտրական PR է. «Դա նախընտրական փուլում որոշակի PR կոմպոնենտներով շարժում է, որով դրա մասնակիցները փորձում են ուշադրություն հրավիրել»։

Պատգամավորի համոզմամբ, գործող խառը համակարգն այլընտրանք չունի, որովհետեւ եւ համամասնական, եւ մեծամասնական ընտրակարգերը երկրի համար այսօր կարեւոր բաղադրիչներ են։  «Մանավանդ նկատի ունենալով այն, որ վերջերս է Ընտրական օրենսգիրքը փոփոխությունների ենթարկվել, ինձ համար անհասկանալի է անգամ այն մարդկանց կարծիքը, ովքեր մասնակցել են դրա քննակմանն ու «կողմ» են քվեարկել օրինագծին՝ հիմա փորձում են խաղի նոր կանոններ սահմանել»,- ասաց Կարեն Ավագյանը։

Պատգամավորը չհամաձայնեց, թե ընդդիմադիր դաշտում հաճախ անգամ միմյանց դեմ հանդես եկող ուժերն այս մի հարցում համատեղել են իրենց ջանքերը ոչ միայն այս նախաեձռնությունը պաշտպանելու, այլեւ համատեղ հանրահավաք անցկացնելու ուղղությամբ։  «Ես համաձայն չեմ, թե ընդդիմադիր դաշտն այս հարցում միասնական է, որովհետեւ թեեւ մեր ընդդիմախոսներն ասում են, թե 100 տոկոսանոց համամասնականին անցնելը բոլոր կուսակցությունների դիրքորոշումն է, բայց խորհրդարանական լսումների ժամանակ բազմաթիվ կուսակցությունների ղեկավարներ հանդես եկան, եւ եղան նաեւ այս գործընթացին դեմ արտահայտվողներ հենց ընդդիմադիր դաշտից, որոնք կողմ էին ընտրական գործող համակարգին»,- ասաց պատգամավորը։

Նա նաեւ շեշտեց, որ ընտրություններից շատ կարճ ժամանակ առաջ նման խնդիր դնել եւ փորձել նոր կանոններով գնալ ընտրությունների՝ ի սկզբանե դատապարտված է, որովհետեւ իրենք՝ նախաձեռնությունը պաշտպանողներն էլ համոզված են եղել, որ դա կյանքի չի կոչվելու եւ անընդունելի է լինելու։

Կարեն Ավագյանը միաժամանակ կարծիք հայտնեց նաեւ, թե այս հարցը չի կարող ընդդիմադիր ուժերի համար մերան լինել, որովհետեւ անգամ այն ուժերը, որոնք 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգն են պաշտպանում, այնուհանդերձ, մասնակցելու են մեծամասնական ընտրակարգով ընտրություններին։ «Մարդիկ մի կողմից ասում են, որ մեծամասնական ընտրակարգն իրենց համար անընդունելի է, մյուս կողմից՝ իրենք իրենց թեկնածուներն արդեն ունեն այս կամ այն ընտրատարածքում։ Այսինքն, եւ դե ֆակտո, եւ դե յուրե այդ մարդիկ համակերպվել են այսօր գործող եւ վերջերս բարեփոխված ԸՕի հետ»,- հայտարարեց Կարեն Ավագյանը։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829