Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին դեռ ընթանում է ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը: Դատավոր Գագիկ Պողոսյանը ընդունեց ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանի միջնորդությունը՝ վերալսել գործով վկա ոստիկանության օպերլիազոր Արտակ Հայրապետյանի այսօրվա նիստի ժամանակ տված ցուցմունքի արձանագրությունը:
Դատավորն ու իրավապաշտպանը վիճարկում են վկայի այսօր տված ցուցմունքը, թե ինքը ասել է՝ չի՞ հիշում, թե՞ չի նկատել վնասված քթով ոստիկանին: Սա կճշտեն 30 րոպեից:
Մինչ այդ նշենք, որ դատարանն ընդունեց, որ ինչպես նախորդ վկայի, Ա. Հայրապետյանի նախաքննության եւ դատաքննության ցուցմունքները եւս էապես տարբերվում էին իրարից: Ա. Հայրապետյանը նախաքննական ցուցմունքի ժամանակ ասել էր, որ ակտիվիստները ոստիկանական բաժանմունքում ագրեսիվ են իրենց պահել, հայհոյել են, հրել բաժանմունքի գույքը եւ վնասել ոստիկաններից մեկի քիթը: Արդեն այսօր նա հայտարարեց, որ չի հիշում նման բան: Ու վնասված քթով ոստիկանին հիշեց միայն նախաքննության ցուցմունքը հրապարակելուց հետո:
Կարդացեք նաև
Նա դժվարացավ մտաբերել նաեւ, թե ակտիվիստներից ո՞վ է հրել սեղաններն ու աթոռները, ու գույքից ինչն են վնասել: Դատավոր Գագիկ Պողոսյանն էլ վկային հարցրեց. «Սուրբ հոգի՞ն էր, ինչ է, սեղանները հրում, թե դրանք իրենք իրենց հրվում էին»:
Նախաքննության ու դատաքննության ցուցմունքներն էապես տարբերվում էին նաեւ մյուս վկայի՝ ոստիկան Իգոր Մեսրոպյանի դեպքում: Երկու վկաներն էլ հիմնավորում էին, թե ժամանակի առումով մանրամասները մոռացել են ու պնդում էին հիմք ընդունել նախաքննության ժամանակ տված ցուցմունքները: Երկու վկաներն էլ պնդում էին, որ հիշողության հետ կապված խնդիրներ չունեն:
Ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանն էլ ասաց, որ մի տեսակ վատ փորձ է նկատելի՝ վկաները նախաքննության ու դատաքննության էական մանրամասների տարբերությունը բացատրում են ժամանակով. «Ստացվում է այնպես, որ դատաքննությունն իզուր ենք անցկացնում, որովհետեւ վկային, տուժողին պետք է ստուգենք նախաքննական ցուցմունքը հիշո՞ւմ է ու պնդում է իր ասածները. թե՞ ոչ»:
Պաշտպանը ցուցմունքների էական տարբերությունը բացատրեց այսկերպ. «Կամ նախաքննության ժամանակ տված ցուցմունքը գրել են ուղղորդված ձեւով, քննիչի կամ մեկ ուրիշի կողմից՝ փորձելով հարմարեցնել իրենց մեղադրանքի բնույթին, կամ էլ վկան ինքը իր կամքով փորձել է խեղաթյուրել իրականությունը»: Պարոն Ոսկանյանն ասաց, որ եթե դատաքննության ընթացքում տված ցուցմունքներից վկաները շարունակեն հրաժարվել, իրենք ակնհայտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության միջնորդություն են ներկայացնելու դատարանին ցուցմունք տված այն անձանց նկատմամբ, որոնք հրաժարվում են իրենց տված ցուցմունքներից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ