Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու նախարարություններ առարկություններ ունեն Սյունիքում «Արեւիկ» ազգային պարկում փոքր ՀԷԿ-երի կառուցման նախագծերի վերաբերյալ

Փետրվար 28,2012 16:05

Մարտի 1-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ տարածքային փոխնախարար Վաչե Տերտերյանը գործադիրի հաստատմանը կներկայացնի Սյունիքի մարզի Լիճք համայնքի հողերի կատեգորիայի փոփոխման որոշման նախագիծը: Ըստ նախագծի` համայնքի 0.425  եւ պետական  սեփականություն հանդիսացող անտառային հողերից 0.15 հեկտար հողերի կատեգորիան կիջեցվի 2 փոքր ՀԷԿ-ի կառուցման  համար: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նպատակահարմար չի համարում անտառային հողերի կատեգորիայի փոփոխումը` հաշվի առնելով ՀՀ հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը. «Հողերի պահպանությունը բնապահպանական, տնտեսական, կազմակերպական, իրավական եւ այլ միջոցառումների համակարգ է՝ ուղղված հողերի նպատակային ու արդյունավետ օգտագործմանը, դրանց օգտագործման սահմանափակումների պահպանմանը, գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառմանը, ջրային եւ հողմային հողատարումից, ճահճացումից, աղակալումից պահպանմանը, հողերի բերրիության վերականգնմանն ու բարձրացմանը»: Իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջարկում է առաջնորդվել ՀՀ կառավարության 15.10.2009թ. N 1209-Ն որոշմամբ, որով ստեղծվեց «Արեւիկ» ազգային պարկը:

Փոքր ՀԷԿ-երի կառուցման համար նախատեսված 0.425 հա հողամասերը գտնվում են Մեղրի գետի Տաշտուն և Գոզ Գոզ վտակների ափերին, մինչդեռ Մեղրի, Շվանիձոր և Նյուվադի գետերի ջրհավաք ավազանները, ինչպես նաեւ Լիճք անտառպետությունը գտնվում են «Արեւիկ» ազգային պարկի տարածքում:

Նշենք, որ փոքր ՀԷԿ-երի կառուցման նախագիծը, ըստ ՀՀ կառավարության կայքի, մշակել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

ԷԿՈԼՈՒՐ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829